Էս հատո՞ւկ եք անում, որ ապագա սերունդը կործանեք, թե՞ այսքան անհասկացող եք. Պեդրո Զարոկյանը՝ Ավինյանին
«Ճիշտ եք անում, որ ավագանու նիստի օրակարգի բոլոր հարցերը զեկուցվող եք դարձնում, այն ժողովրդավարության մի մաս է, բայց կարևոր է, որ առանց մրցույթների ծախսերն էլ մեր քվեարկությամբ արվեն»,-Երևանի ավագանու նիստում հայտարարեց «Ազգային առաջընթաց» խմբակցության անդամ Պեդրո Զարոկյանը:
Նրա խոսքով՝ քաղաքային իշխանությունները երկու միլիոն դոլար ամանորյա ճոխ զարդարանքների համար են ծախսում, հետո էլ ասում, որ այն անում են երեխաներին ուրախացնելու համար:
«Դուք այն նույն երեխաների մասին եք խոսում, որոնց հանրային դպրոցներում զուգարանի թուղթ չեք տալիս, օճառ չեք տալիս ձեռքերը լվանալու համար, էլ չեմ ասում տաք ջրի մասին: Այդ նույն երեխաների մասին եք խոսում, որոնց 5-ից 1-ը թերսնված է, բայց դպրոցներում ճաշ չեք տրամադրում: Նույն երեխաների մասին եք խոսում, որոնց դեմ փակել եք հանրային մարզադահլիճները, շոգ ամառը և ցուրտ ձմեռը մի հատ բաց մարզասրահ չկա, որ երեխաները սպորտով զբաղվեն: Մարզադահլիճների հատակը փտած է, դուք միլիոնավոր դոլարներ եք դնում, նորմալ քայլվող մայթերի վրա սալիկներ եք դնում»,-հայտարարեց ավագանու անդամը և խորհուրդ տվեց մտնել Արաբկիրի մարզադահլիճը, որտեղ բազմաթիվ փոսեր կան, իսկ մարզադահլիճի դիմաց մայթերին նոր սալիկներ է տեղադրվում:
«Էս հատո՞ւկ եք անում, որ ապագա սերունդը կործանեք, թե՞ այսքան անհասկացող եք»,-Ավինյանին հարցրեց Պեդրո Զարոկյանը:
Տիգրան Ավինյանը հորդորեց կոռեկտ լինել արտահայտությունների մեջ:
Հարակից հրապարակումներ`
- «Ընտանիքդ կճանապարհեմ դեպի Ծերեթելի». Լարված իրավիճակ ավագանու նիստում
- Չանե՛լ հայկական իմպրովիզացիայի տարբերակներ.Տիգրան Ավինյան