Թմրամիջոցի ջերմոց-սենյակներ Նորքի այգիների փողոցում
Ոստիկանության Երևան քաղաքի վարչության քրեական հետախույզները նոյեմբերի 16-ին ստացել էին օպերատիվ տեղեկություն, որ Նորքի այգիների փողոցի տներից մեկում մի խումբ անձինք իրացման նպատակով աճեցնում են թմրանյութեր, ստեղծել են քիմիական թմրանյութերի լաբորատորիա: Այս մասին հայտնում են Ոստիկանությունից։
«Տեղեկությունն իրացնելու միջոցառմանը մասնակցեցին նաև ոստիկանության Մարաշի բաժնի քրեական հետախույզներն ու Երևանի վարչության հատուկ նշանակության գումարտակի ծառայողները: Իրականացվեցին նաև քննչական գործողություններ, և նոյեմբերի 17-ին հիշյալ տանը կատարվեց խուզարկություն:
Հայտնաբերվեց պլաստիկ երկու տարա, մեկի մեջ՝ 2, մյուսի մեջ` 6 փաթեթ մարիխուանայի նմանվող զանգված, մեկ զիպ փաթեթ` 12,5 գրամ նույն զանգվածով, կշեռք` բյուրեղանման ու բուսական զանգվածների հետքերով, 264 գրամ կրիստալ թմրանյութի նմանվող զանգվածով երեք փաթեթ, կանեփի նմանվող 218 բույս, նույն բույսի տերևներով մեկ պարկ: Հայտնաբերվեցին նաև ուլտրամանուշակագույն լույս արձակող, օդը խոնավեցնող ու չորացնող սարքեր, պարարտանյութեր, մարիխուանայի նմանվող չորացրած զանգվածներ, ընդհանուր` մոտ վեց կիլոգրամ վեց հարյուր գրամ քաշով:
Խուզարկվող տարածքի ուսումնասիրությամբ պարզվեց, որ տան բոլոր սենյակներն օգտագործվել են վերը թվարկածը աճեցնելու և մշակելու նպատակով:
Հետագա միջոցառումներով պարզվեց, որ տունը վարձակալել է 37-ամյա մի տղամարդ, իսկ կանեփն աճեցրել, թմրանյութ պատրաստել ու իրացրել են ինքն ու 36-ամյա մի օտարերկրացի: Ձեռնարկվում են միջոցառումներ՝ նրանց հայտնաբերելու ուղղությամբ:
Կազմված փաստաթղթերը փոխանցվել են քննչական բաժին: Հանգամանքները պարզվում են»,- ասվում է հաղորդագրությունում:
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները