Մենք պատրաստակամ ենք այս ուղղությամբ աշխատել այս կառավարության հետ. Աղվան Վարդանյան
Ազգային ժողովի արտահերթ նիստում 87 կողմ ձայնով երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունվեց կառավարության կողմից ներկայացված «Պետական կենսաթոշակների մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին և կից ներկայացված օրենքների նախագծերի փաթեթը։
Ներկայացվող նախագծերի փաթեթի նպատակը Արցախի Հանրապետությունից բռնի տեղահանված անձանց կենսաթոշակի, մայրության նպաստի (չաշխատող անձին նշանակվող) իրավունքի իրացման ընթացակարգերի հստակեցումն է՝ այդ ընթացակարգերի առանձնահատկությունները սահմանելու լիազորությունը Կառավարությանը վերապահելու միջոցով:
Հիշեցնենք, որ մինչ նախագծի քվեարկությունը՝ «Հայաստան» խմբակցությունը 20 րոպե ընդմիջում էր պահանջել։
Քվեարկությունից հետո «Հայաստան» խմբակցության պատգամավոր Աղվան Վարդանյանն ասաց. «Մենք կողմ քվեարկեցինք փաթեթին, ինչպես երեկ էինք կողմ քվեարկել արդեն նախորդ փաթեթին։ Այս ընթացքում փաթեթի մեջ ներառվել է, մեր կարծիքով, ապօրինաբար մտցված նախագիծ, որը պրոբլեմատիկ է։ Պրոբլեմատիկ է այն առումով, որ զինվորական ծառայության մասին օրենքում փոփոխությունները, փաստորեն, չեն վերաբերելու Արցախում ստացած «Ազգային հերոսի», «Մարտական խաչի» կոչում ունեցողներին։
Ուզում եմ ձեզ հիշեցնել, որ այդ մարդիկ նույն մարդիկ ենք, ովքեր սխրանքներ են գործել նույն հայրենիքի համար՝ Արցախի, Հայաստանի համար, տարբերակում դնելը, եթե սա քաղաքական նպատակներ չունի, վախի դրսևորում չէ, անթույլատրելի է։
Նախարարի հետ կարճ քննարկեցինք, կարծես թե պատրաստակամություն կա քննարկել հարցը և փորձել լուծումներ գտնել։ Մենք պատրաստակամ ենք այս ուղղությամբ աշխատել այս կառավարության հետ, որպեսզի այս մարդկանց խնդիրը լուծվի։ Հետագայում կտեսնենք, թե որքան է պատրաստակամ այս կառավարությունը»։
«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունից Հերիքնազ Տիգրանյանն ասաց, որ փաթեթում լրացված նախագիծն ապօրինաբար չէ, համապատասխանում է ԱԺ կանոնակարգ օրենքի իրավակարգավորումներին։
«Նախագծի հեղինակը 1-ից 2-րդ ընթերցում փոփոխություններ առաջարկելու հնարավորություն ունի։ Այս դեպքում փոփոխությունները վերաբերում են նոր կատեգորիայի անձանց, հետևաբար նոր օրենքի նախագիծ է լրամշակվել փաթեթում։ Դրանով հնարավորություն ենք տալիս անձանց իրենց զին–պատվովճարները, պարգևավճարները ստանալ։ Կարծում եմ՝ այստեղ որևէ ապօրինություն, խնդրահարույց հարց չկա»,- ասաց ՔՊ-ական պատգամավորը։
Հարակից հրապարակումներ`
- «Հայաստան» խմբակցությունը քվեարկությունից առաջ 20 րոպե ընդմիջում պահանջեց
- Արցախից բռնի տեղահանվածները երեք ամսվա կուտակված կենսաթոշակներն ու նպաստները կստանան միանվագ
- Արցախից բռնի տեղահանված անձինք ՀՀ-ում կստանան կենսաթոշակ և նպաստ