«Ժողովուրդ». Քաղաքապետարանը հերթական խոստումներն է տալիս
«Ժողովուրդ» թերթը գրում է.
«Երևանի քաղաքապետարանը հերթական խոստումներն է տալիս և ներկայացրել է Երևանի քաղաքապետարանի զարգացման ծրագիրը՝ 2024 թվականի համար։
Օրինակ՝ տրանսպորտի ոլորտում 2024 թվականին նախատեսվում է իրականացնել Երևանի հասարակական տրանսպորտի նոր երթուղային ցանցի և միասնական տոմսային համակարգի ներդրման գործընթաց, հասարակական տրանսպորտի կանգառների կահավորում, մետրոպոլիտենի վագոնների արդիականացում, նոր ավտոբուսների կամ էլեկտրաբուսների ձեռք բերում (18 մետր 249 հատ և 8.5 մետր երկարությամբ 171 հատ), նոր տրոլեյբուսների (71 հատ) ձեռք բերում։
Կոմունալ տնտեսության ոլորտում նախատեսվում է իրականացնել Երևան քաղաքի բազմաբնակարան շենքերի թվով 600 վերելակների փոխարինում, բազմաբնակարան շենքերի հարթ և թեք տանիքների վերանորոգում, բազմաբնակարան շենքերի մուտքերի վերանորոգում։
Արտաքին լուսավորության ոլորտում նախատեսվում է իրականացնել Երևան քաղաքի արտաքին լուսավորության ցանցի ընթացիկ շահագործման, պահպանման և արդիականացման աշխատանքներ, «Երևանի քաղաքային լուսավորություն» ծրագրի շրջանակում Երևան քաղաքի 28 փողոցների արտաքին լուսավորության ցանցի արդիականացում: Բնապահպանության ոլորտում նախատեսվում է իրականացնել Կենդանաբանական այգու ընդլայնում։ Իհարկե, այս ոլորտներում խոստումներ շատ ենք լսել, մնում է՝ դրանք իրականություն դառնան»։
Մանրամասները թերթի այսօրվա համարում