«Հրապարակ». Տիգրան Ավինյանը երևանցիներին սարեր է խոստացել
«Հրապարակ» թերթը գրում է.
«Երևանի քաղաքապետարանը հանրային քննարկման է ներկայացրել Երևանի 2024-2028 թվականների զարգացման հնգամյա ծրագիրը, որում Տիգրան Ավինյանը երևանցիներին սարեր է խոստացել։ Նախ՝ ծրագրով նախատեսվել է, որ ավարտին կհասցվի մետրոյի «Աջափնյակ» կայարանի կառուցումը, ինչպես նաև ևս մեկ կայարան՝ «Սուրմալու» և «Փեթակ» առևտրի կենտրոնների տարածքում։
Բացի այդ, քաղաքապետարանը խոստանում է մինչև 2028 թվականը շահագործել ճոպանուղի՝ Աջափնյակ-Ծիծեռնակաբերդ-Պռոշյան ուղեգծով։ Եթե հիշում եք` Երևանով մեկ ճոպանուղի կառուցելու առաջարկն անում էր «Ապրելու երկիր» կուսակցության քաղաքապետի թեկնածու Մանե Թանդիլյանը:
Տրանսպորտի հետ կապված էլ քաղաքապետարանը՝ ի դեմս Տիգրան Ավինյանի, խոստանում է փոխել բոլոր կանգառների սպասասրահները՝ դրանք փոխարինելով «խելացի» սպասասրահներով, իսկ թե դրա մեջ ինչ է մտնում, հստակեցված չէ։ Ավինյանը նաև խոստանում է մինչև 2028 թվականն ամբողջովին կառուցել Կասկադի չկառուցապատված վերնամասը՝ 8 հեկտար տարածք։ Մինչև 2028 թվականը քաղաքապետարանը պարտավորվում է կառուցել նաև կենցաղային թափոնների նոր աղբավայր»։
Մանրամասները թերթի այսօրվա համարում