«Հայաստան» խմբակցությունը քվեարկությունից առաջ 20 րոպե ընդմիջում պահանջեց
Ազգային ժողովի արտահերթ նիստում 84 կողմ ձայնով ընդունվեց (դեմ և ձեռնպահ՝ 0) «Հայաստանի Հանրապետության 2023 թվականի պետական բյուջեի մասին» օրենքում լրացում կատարելու մասին օրենքի նախագիծը։
Նախագծի համաձայն՝ «առաջարկվում է լրացում կատարել «Հայաստանի Հանրապետության 2023 թվականի պետական բյուջեի մասին» օրենքում՝ թույլատրելով ՀՀ կառավարությանը «Հայաստանի Հանրապետության 2023 թվականի պետական բյուջեի մասին» օրենքով հաստատված հատկացումների ընդհանուր գումարի վեց տոկոսի սահմաններում վերաբաշխել նույն օրենքով սահմանված ինչպես ծրագրերի, այնպես էլ ծրագրերի միջոցառումների միջեւ՝ դրանց գծով նույն օրենքով հաստատված հատկացումների գումարները:
Վերաբաշխումների սահմանաչափի փոփոխության անհրաժեշտությունը պայմանավորված է 2023թ. սեպտեմբերի վերջին Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված քաղաքացիներին աջակցություն ցուցաբերելու նպատակով ՀՀ 2023թ. պետական բյուջեի շրջանակներում մեծածավալ չնախատեսված հատկացումների տրամադրման և այդ նպատակով ծախսերի վերաբաշխումների իրականացման անհրաժեշտությամբ»:
«Պետական կենսաթոշակների մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին և կից ներկայացված օրենքների նախագծերի փաթեթն երկրորդ ընթերցմամբ ընդունելու քվեարկությունից առաջ «Հայաստան» խմբակցությունը առաջ 20 րոպե ընդմիջում պահանջեց։
Ներկայացվող նախագծերի փաթեթի նպատակը Արցախի Հանրապետությունից բռնի տեղահանված անձանց կենսաթոշակի, մայրության նպաստի (չաշխատող անձին նշանակվող) իրավունքի իրացման ընթացակարգերի հստակեցումն է՝ այդ ընթացակարգերի առանձնահատկությունները սահմանելու լիազորությունը Կառավարությանը վերապահելու միջոցով:
Հարակից հրապարակումներ`
- Արցախից բռնի տեղահանվածները երեք ամսվա կուտակված կենսաթոշակներն ու նպաստները կստանան միանվագ
- Արցախից բռնի տեղահանված անձինք ՀՀ-ում կստանան կենսաթոշակ և նպաստ
- Կառավարությունն առաջարկել է 2023 թ. պետբյուջեում վերաբաշխումներ կատարել