Էդգար Ղազարյան. Միակ մխիթարությունն այն է, որ հայկական դրամի դիմերեսին պատկերված չէ Ադրբեջանի զինանշանը
«Կենտրոնական բանկը հայտարարել է, որ 2023 թվականի նոյեմբերի 22-ին ՀՀ կենտրոնական բանկը շրջանառության մեջ է դնում 10, 20, 50, 100, 200 և 500 դրամ անվանական արժեքով շրջանառու հիշատակային մետաղադրամներ՝ նվիրված ազգային արժույթի 30-ամյակին: Հատկանշական է, որ շրջանառության մեջ դրված նոր մետաղադրամները գոյություն ունեցողներից տարբերվում են միայն դրանով, որ դրանց մի դիմերսներին Հայաստանի Հանրապետության զինանշանի փոխարեն պատկերված է ՀՀ Ազգային դրամի 30-ամյակի անհասկանալի մի պատկերանիշ»,-ֆեյսբուքյան իր էջում ԿԲ հրապարակած նմուշների վրա ուշադրություն է հրավիրել հասարակական-քաղաքական գործիչ, Լեհաստանում ՀՀ նախկին դեսպան Էդգար Ղազարյանը։
Նա նկատում է՝ որպես կանոն, որևէ հոբելյանի կամ կարևոր իրադարձության առիթով ՀՀ կենտրոնական բանկը ավանդաբար թողարկում է հոբելյանական հատուկ հուշադրամներ։
«Հարկ է նկատել, որ 2023 թվականի ընթացքում ՀՀ կենտրոնական բանկը թողարկել է ՀՀ Ազգային դրամի 30-ամյակի հուշադրամ, հետևաբար հարց է առաջանում, թե ինչ է շրջանառության մեջ դրվող նոր մետաղադրամները հատվել առանց ՀՀ պետական խորհրդանիշի, առանց զինանշանի։ Բոլոր հարցերը ստանում են իրենց պատասխանները, երբ այս ամենը համադրում ենք ՀՀ զինանշանի հանդեպ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի վերջին շրջանում կատարված հայտարարությունների, ինչպես նաև ՀՀ պետականության գոյությունը կասկածի տակ դրվող քաղաքականության և գործողությունների հետ։
Միակ մխիթարությունը, թերևս կայանում է դրանում, որ հայկական դրամի դիմերեսին պատկերված չէ Ադրբեջանի Հանրապետության զինանշանը։ Հավանաբար, դա կիրականացվի հաջորդ թողարկման ժամանակ»,-գրել է նա։