ԵՊՀ հրդեհից տուժածների վիճակը ծանր է. Ավանեսյան
ԵՊՀ քիմիական ֆակուլտետի նկուղում տեղի ունեցած պայթյունի հետևանքով տուժած աշխատակիցների ստացած այրվածքներն ու վնասվածքները բարդացնում են բուժման ընթացքը։
«Հույս ունենք, որ բուժման ընթացքը կգնա դեպի ապաքինում»,-ասաց առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը լրագրողների հետ զրույցում։
Նախարարի խոսքով, նրանց վիճակը ծանր է, կյանքին վտանգ չի սպառնում։
«Դեպի լավացում են գնում, այլ հարցերի չեմ կարող պատասխանել»,-ասաց նա։
Հիշեցնենք, որ նոյեմբերի 17-ին Երևան քաղաքի Ալեք Մանուկյան փողոցում գտնվող ԵՊՀ քիմիայի ֆակուլտետի նկուղում տեղի ունեցած պայթյունի և հրդեհի, դրանց արդյունքում մի քանի անձանց տուժելու դեպքի առթիվ ՀՀ ՔԿ ԵՔՔՎ Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական երկրորդ բաժնում, ՀՀ քրեական օրենսգրքի 355-րդ հոդվածի 2-րդ մասի և 357-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով, նախաձեռնվել է քրեական վարույթ։
Նախաքննության շրջանակներում պարզվել էր, որ անմիջապես դեպքի վայր մեկնած օպերատիվ խումբը և 911 ծառայության աշխատակիցները, նկուղային հարկում հրդեհաշիջման աշխատանքների ժամանակ, հայտնաբերել են տղամարդու այրված դի: Պարզվել էր, որ մահացածը նշված ուսումնական հաստատության 73-ամյա աշխատակից Ժ․Խ․-ն է, ով բնակվում էր Երևան քաղաքում:
Դեպքի վայրից «ծխահարված» ախտորոշմամբ Համալսարանական հիվանդանոց էր տեղափոխվել ոստիկանության մեկ ծառայող, իսկ երկու անձինք՝ 70 և 66 տարեկան, որոնք ևս հանդիսանում են ԵՊՀ աշխատակիցներ, «պոլիտրավմա, քիմիական այրվածք» ախտորոշմամբ բուժօգնության են տեղափոխվել «Այրվածքների կենտրոն» ՓԲԸ։
Հարակից հրապարակումներ`
- ԵՊՀ քիմիայի ֆակուլտետում պայթյունից տուժածների վիճակը ծայրահեղ ծանր և ծանր է
- Մինչ ԵՊՀ ռեկտորը շնորհավորում է, ԵՄ երևանյան գրասենյակն ու ԱՄՆ դեսպանությունը ցավակցում են
- ՄԻՊ. ԵՊՀ-ի պատահարը պետք է մանրամասն քննության առարկա դարձվի
- ԵՊՀ-ում հրդեհը պատճառ չէ ռեկտորի հրաժարականը պահանջելու համար. Ժաննա Անդրեասյան
- ԵՊՀ քիմիայի ֆակուլտետի դեկան. Ինչ գործ ունեմ՝ ամեն մեկի շոր հանելու տեղն իմանամ