Ոմանք վախենում են ոչ միայն Արցախը վերադարձնելու ծրագիր կազմել, այլ նույնիսկ մտքի ծայրով անցկացնել.Վարդան Ոսկանյան
Իրանագետ Վարդան Ոսկանյանը գրում է.
«Մինչ Հայաստանում ոմանք վախենում են գրել կամ արտաբերել պատմական և ներկայիս լեգիտիմության առումով անխոցելի Արցախ հինավուրց հայկական տեղանունը, Հայաստանից բռնազավթված Նախիջևանում Բաքվի բարբարոսսկան վարչախմբի պետական մարմինները ոչ միայն չեն խորշում Հայաստանի Հանրապետության տարածքը կոչել պատմությանը և արդիականությանն անհայտ ամբողջովին կեղծ ինչ-որ «Արևմտյան Ադրբեջան» բարբաջանքով, այլ նաև այսօր պաշտոնապես մեկնարկ են տալիս, այսպես կոչված, «արևմտյան ադրբեջանցիների» համաժողովի։
Նշված «միջոցառման» կազմակերպիչներն են բռնազավթված Նախիջևանում Բաքվի բռնապետի լիազոր ներկայացուցչությունը, արհեստածին Ադրբեջանի կրթության և գիտության նախարարություն հորջորջվող հիմնարկը, բռնազավթված Նախիջևանի պետական համալսարան կոչեցյալը և այլն։
«Միջոցառման» քարոզչական ուղեկցության շրջանակներում Բաքվի բարբարոսական վարչախմբի պետական քարոզչամեքենան խոսում է նույնիսկ Հայաստանի (իրենց «եզրաբանությամբ»՝ իբր «Արևմտյան Ադրբեջանի») արհեստածին «Ադրբեջանի գիրկ վերադարձնելու» և այլ նմանօրինակ ցնորաբանությունների մասին։
Իսկ մեզանում, ցավոք, ոմանք վախենում են ոչ միայն երազել կամ ծրագիր կազմել Արցախը վերադարձնելու, այլ նույնիսկ մտքի ծայրով անցկացնել դա, մինչդեռ Հայաստանի Հանրապետության ստեղծումն իսկ մեծ երազանքի արգասիք է՝ այն երազանքի, որի ծրագիրը դեռևս հեռավոր 1773թ. հրապարակվել էր հեռավոր Հնդկաստանում»։
Հարակից հրապարակումներ`
- Վարդան Ոսկանյան. Դեռևս չենք գիտակցում, թե ի՞նչ ենք կորցրել
- Ոչ ոք և ոչինչ չի կարող ստիպել մեզ հրաժարվել սբ. Մեսրոպ Մաշտոցի ջանքով հայկական դպրոց դարձած Ամարասից.Ոսկանյան
- «Թուրանական միջանցք» Իրանի տարածքում չի կարող լինել.Վարդան Ոսկանյան