ԵՊՀ պայթյունից տուժածներից մեկը մահացել է
ԵՊՀ քիմիական ֆակուլտետի նկուղում տեղի ունեցած հրդեհի հետևանքով տուժածներից մեկը մահացել է։ Կառավարության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում արած հայտարարությունը ֆեյսբուքյան գրառմամբ խմբագրեց Առողջապահության նախարարի պաշտոնը զբաղեցնող Անահիտ Ավանեսյանը։
«Հարգելի՛ լրագրողներ, կառավարության այսօրվա նիստից հետո ձեզ հետ ճեպազրույցի ընթացքում, ԵՊՀ-ում տեղի ունեցած դեպքի հետևանքով տուժած քաղաքացիների առողջական վիճակի մասին խոսելիս, ներկայացրել եմ երեկ` «Այրվածքաբանության և մաշկաբանության ազգային կենտրոն» իմ այցի պահին նրանց առողջական վիճակի մասին եղած տեղեկատվությունը, երբ երկուսի առողջական վիճակն էլ գնահատվում էր ծանր:
Ցավոք, հիվանդներից մեկի վիճակը կտրուկ վատացել է (ինչը նաև այրվածքային հիվանդության առանձնահատկություններից է): Բուժաշխատողների կողմից սիրտ-թոքային վերակենդանացումը եղել է անարդյունավետ, պացիենտի կյանքը փրկել չի հաջողվել:
Մյուս պացիենտի առողջական վիճակն այս պահին կայուն է, տեղափոխվել է հիվանդասենյակ: Հաշվի առնելով այրվածքների մակերեսը և խորությունը` նա դեռևս պետք է գտնվի բժշկական դինամիկ հսկողության տակ»,-գրել է նա։
Հիշեցնենք, որ նոյեմբերի 17-ին Երևան քաղաքի Ալեք Մանուկյան փողոցում գտնվող ԵՊՀ քիմիայի ֆակուլտետի նկուղում տեղի ունեցած պայթյունի և հրդեհի, դրանց արդյունքում մի քանի անձանց տուժելու դեպքի առթիվ ՀՀ ՔԿ ԵՔՔՎ Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական երկրորդ բաժնում, ՀՀ քրեական օրենսգրքի 355-րդ հոդվածի 2-րդ մասի և 357-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով, նախաձեռնվել է քրեական վարույթ։
Նախաքննության շրջանակներում պարզվել էր, որ անմիջապես դեպքի վայր մեկնած օպերատիվ խումբը և 911 ծառայության աշխատակիցները, նկուղային հարկում հրդեհաշիջման աշխատանքների ժամանակ, հայտնաբերել են տղամարդու այրված դի: Պարզվել էր, որ մահացածը նշված ուսումնական հաստատության 73-ամյա աշխատակից Ժ․Խ․-ն է, ով բնակվում էր Երևան քաղաքում:
Դեպքի վայրից «ծխահարված» ախտորոշմամբ Համալսարանական հիվանդանոց էր տեղափոխվել ոստիկանության մեկ ծառայող, իսկ երկու անձինք՝ 70 և 66 տարեկան, որոնք ևս հանդիսանում են ԵՊՀ աշխատակիցներ, «պոլիտրավմա, քիմիական այրվածք» ախտորոշմամբ բուժօգնության են տեղափոխվել «Այրվածքների կենտրոն» ՓԲԸ։
Հարակից հրապարակումներ`
- ԵՊՀ քիմիայի ֆակուլտետում պայթյունից տուժածների վիճակը ծայրահեղ ծանր և ծանր է
- ԵՊՀ-ում հրդեհը պատճառ չէ ռեկտորի հրաժարականը պահանջելու համար. Ժաննա Անդրեասյան
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան