ԱՀԿ-ն դիմել է Պեկինին՝ ներկայացնելու երեխաների մոտ անհայտ տեսակի թոքաբորբի բռնկման մասին տվյալները
Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ) Չինաստանից լրացուցիչ մանրամասներ է խնդրել երեխաների մոտ շնչառական հիվանդությունների աճի վերաբերյալ: Այն նաև տեղեկություններ է ակնկալում գրիպի, SARS-CoV-2-ի, շնչառական սինցիցիալ վիրուսի (RSV) և միկոպլազմային թոքաբորբի շրջանառության միտումների մասին։ ՏԱՍՍ-ի փոխանցմամբ, այս մասին հայտնել Է ԱՀԿ Ժնևի շտաբը:
«ԱՀԿ-ն պաշտոնական հարցում է ուղարկել Չինաստան՝ երեխաների մոտ շնչառական հիվանդությունների աճի և թոքաբորբի բռնկումների մասին մանրամասն տեղեկատվություն տրամադրելու վերաբերյալ», - ասվում է կազմակերպության հայտարարության մեջ:
ԱՀԿ-ն հիշեցրել է, որ նոյեմբերի 13-ին կայացած մամուլի ասուլիսում Չինաստանի Առողջապահության ազգային հանձնաժողովի ներկայացուցիչները հայտնել են երկրում շնչառական հիվանդությունների դեպքերի աճի մասին։ Չինաստանի իշխանությունները դա բացատրում են COVID-19-ի սահմանափակումների վերացումով և հայտնի պաթոգենների շրջանառությամբ, ինչպիսիք են գրիպը, միկոպլազմային թոքաբորբը, RSV-ն և SARS-CoV-2-ը:
Նոյեմբերի 21-ին լրատվամիջոցները հաղորդել էին Չինաստանի հյուսիսում երեխաների մոտ չբացահայտված թոքաբորբի օջախների մասին:
«Հասկանալի չէ՝ դրանք կապված են շնչառական վարակների ընդհանուր աճի հետ, որոնց մասին ավելի վաղ հայտնել էին Չինաստանի իշխանությունները, թե առանձին իրադարձությունների», - հայտարարել է կազմակերպությունը։
Այսպիսով, ԱՀԿ-ն Չինաստանից խնդրել է համաճարակաբանական և կլինիկական տեղեկատվություն, լաբորատոր հետազոտությունների արդյունքներ, մանրամասն տեղեկություններ պաթոգենների շրջանառության և առողջապահական համակարգի ծանրաբեռնվածության մասին։
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան