Արամ Օրբելյան. Առարկայազուրկ է քննարկել, թե ինչ կարգավիճակ պետք է տալ արցախցիներին
«Մեծ շփոթմունք կա, իրականում հիմա իմաստ չկա քննարկել վերադառնալու իրավունքը, քանի որ այդ իրավունքը ոչ մեկ ոչ մի քննարկման ժամանակ չի վիճարկել՝ ոչ Հայաստանը, ոչ Ադրբեջանը, ոչ միջազգային հանրությունը»,-ասաց արդարադատության նախարարի նախկին տեղակալ, փաստաբան Արամ Օրբելյանը, որ մասնակցում է «Արցախ. ընթացիկ հարցեր և հեռանկար» թեմայով պանելային քննարկմանը։
Նրա խոսքով, շատ ավելի հիմնարար խնդիր է վերադառնալու իրավունքի իրականացման կառուցակարգերի ստեղծումն ու ապահովումը։
«Եթե վերադառնալուց հետո ենթարկվելու ես խոշտանգման, խտրական վերաբերմունքի, մահանալու ես, մյուս իրավունքերի իրացումը չի ապահովվելու, ապա վերադառնալու իրավունքը ստացվում է արժեք չունեցող և ձևական մի բան»,-մանրամասնեց Օրբելյանը։
Փաստաբանի խոսքով, վերադառնալու իրավունքի իրացման որևէ լուծում կարգավիճակից դուրս չի տեսնում։
«Պետք է դադարեն քննարկումները վերադառնալու իրավունքի մասին, պետք է պետական մարմինները, քաղհասարակությունը սկսեն այդ թեմայի մասին խոսել վերադառնալու հնարավորություն, վերադառնալու իրավունքի իրացման գործուն կառուցակարգեր տերմինոլոգիայով։ Հակառակ դեպքում մենք տեղում կդոփենք»,-ասաց նա։
Ինչ վերաբերում է բռնի տեղահանված մարդկանց կարգավիճակի վերաբերյալ հարցին, ապա, ըստ բանախոսի, եթե որևէ իրավական, իրավաքաղաքական հարց պետք է լուծվի, չպետք է ամեն անգամ նոր բան մտածել, այլ պետք է առաջնորդվել այն լուծումներով, որոնք արդեն տրվել են Սահմանդրությամբ։
«Մենք պետք է ընկալենք, որ Սահմանադրությունը փաստաթուղթ, որը կարգավորում է պետության ոլորտների գործունեությունը։ Սահմանադրությամբ կա քաղաքացիության իրավունք։ Այս Սահմանդրությամբ մարդուն քաղաքացիությունից զրկելն արգելված է։ Երբ մտածում են արցախցիների քաղաքացիության հարցի մասին, պետք է առաջնորդվեն օրենքով, «Քաղաքացիության մասին» ՀՀ օրենքում սևով սպիտակի վրա գրված է՝ քաղաքացու քաղաքացիությունը հաստատող փաստաթուղթն անձնագիրն է։ Մնացած բոլոր արգումենտներն ու քննարկումներն առարկայազուրկ են: Հետևաբար, առարկայազուրկ է քննարկել, թե ինչ կարգավիճակ պետք է տալ արցախցիներին, այս հարցում պետք է առաջնորդվել օրենքով։ Հետևաբար Արցախի Հանրապետության այն բոլոր քաղաքացիները, որոնք նաև Հաաստանի Հանրապետության քաղաքացիներ են, իսկ դա հավաստող փաստաթուղթը անձնագիրն է, Հայաստանի Հանրապետության տարածքում համարվում են ՀՀ քաղաքացիներ, և պետությունն ունի որոշակի պարտավորություններ նրանց նկատմամբ ոչ թե որպես էթնիկ հայերի, Ցեղասպանության զոհերի, այլ ելնելով այն բանից, որ նրանք ՀՀ քաղաքացիներ են»,-մանրամասնեց նա։
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան