Պատգամավորը քրեական հետապնդման է ենթարկվում առանց ԱԺ-ի համաձայնության. Մամիջանյանի պաշտպան
«Հայկ Մամիջանյանի դեմ առհասարակ քրեական վարույթ չպետք է նախաձեռնվեր, որովհետև, ակնհայտորեն, հանցանք կատարելու վերաբերյալ հատկանիշներ առկա չէին»,- Քննչական կոմիտեում ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Հայկ Մամիջանյանի հարցաքննությունից հետո լրագրողների հետ զրույցում ասաց փաստաբան Սլավիկ Պողոսյանը։
Ըստ նրա, հայոց լեզվին տիրապետող, գրագետ մարդիկ հանգիստ պատկերացնում են, թե ինչ է իր խոսքում ասել Հայկ Մամիջանյանը։
«Նրա խոսքում կոչ չկա։ Ստացվում է, որ եթե հրապարակային կոչի համար են վարույթ նախաձեռնել, ինքը կոչ է անում, որ իրենց նկատմամբ բռնություն գործադրվի՞»,- ասաց Ս.Պողոսյանը։
Հիշեցնենք, որ ՀՀԿ ԳՄ անդամ, ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Հայկ Մամիջանյանին կանչել էին քննչական կոմիտե հարցաքննության՝ ՀՀ քրեական օրենսգրքի 330-րդ հոդվածի (Բռնություն գործադրելու հրապարակային կոչերը, բռնությունը հրապարակայնորեն արդարացնելը կամ քարոզելը, ինչպես նաև այդ նպատակով նյութեր կամ առարկաներ տարածելը) 1-ին մասի հատկանիշներով նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում: Վարույթի նախաձեռնման հիմքում դրվել է այս տարվա սեպտեմբերի 12-ին Ազգային ժողովում Մամիջանյանի տված ճեպազրույցի և ելույթի ժամանակ արտահայտած խոսքերը։
Փաստաբանն այն կարծիքին է, որ այս դեպքում խախտվել է Սահմանադրության 96-րդ հոդվածով նախատեսված պատգամավորի անձեռնմխելիության իրավունքը, քանի որ Հայկ Մամիջանյանը հարցաքննվեց փաստացի կասկածանքի շուրջ, ինչը քրեական հետապնդում է։
«Ավելին ասեմ՝ վարույթ նախաձեռնելու մասին արձանագրության մեջ նաև վերջինիս անունն է նշված որպես ենթադրյալ հանցանք կատարող, ինչը Եվրոպական դատարանի և Վճռաբեկ դատարանի նախադեպային իրավունքի համաձայն համարվում է փաստացի քրեական հետապնդման հարուցում, հետևաբար նախքան վարույթ նախաձեռնելը, լավ՝ առնվազն նախքան հարցաքննության կանչելը, պետք էր անձեռնմխելիության հարց բարձրացվեր ԱԺ-ում, ինչը չի արվել։ Հարցաքննության ժամանակ քննիչին էլ ներկայացրեցի, որ հիմա փաստացի ապօրինի քրեական հետապնդում է իրականացվում։ Այն, որ փաստացի քրեական հետապնդում է իրականացվում, քննիչն էլ չժխտեց։ Այնքան պարզ է, որ անգամ վեճի առարկա չէ։
Հիմա փաստացի քրեական հետապնդման է ենթարկվում, ինչը չէր կարող իրականացվել առանց ԱԺ համաձայնության»,- ասաց Մամիջանյանի փաստաբան Ս. Պողոսյանը։
Հարակից հրապարակումներ`
- Հաղորդումը ներկայացրել է Արթուր Սաքունցը, չգիտեի, որ ինքն իմ «արվեստի» մեծ ֆանատն է. Հայկ Մամիջանյան
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները