«Մեզ պարտադրում են ունենալ 20% եկամուտ, ինչը նշանակում է՝ ավելի թանկ ենք վաճառելու մեքենաները»
Կառավարության դիմաց այսօր բողոքի ակցիա են իրականացնում ավտոներկրողները։ Նրանք պահանջում են վերանայել դեկտեմբերի 1-ից Հայաստանում ուժի մեջ մտնող նոր օրենքը, որի համաձայն՝ շահութահարկ է սահմանվում ավտոմեքենաների ներմուծմամբ զբաղվող ընկերությունների համար:
Նշենք, որ Հարկային օրենսգրքում փոփոխությունների և լրացումների նոր փաթեթը խորհրդարանի կողմից ընդունվել է նոյեմբերի 16-ին: Այն շահութահարկ է սահմանում ավտոմեքենաների ներմուծմամբ զբաղվող ընկերությունների համար:
Ավտոներկրմամբ և վաճառքով զբաղվող ընկերության տնօրեն Ռաֆիկ Ղազարյանը լրագրողների հետ զրույցում ասաց, որ 2020 թվականից ստեղծվել են բազմաթիվ ընկերություններ, որոնք մեքենաներ էին ներկրում և վաճառում՝ ստանալով որոշակի շահույթ։ «Բնականաբար, դրա համար նաև հարկ ենք վճարել։ Ավելին, 2022 թ-ին ավտոներկրմամբ և վաճառքով զբաղվող ընկերություններից մոտ 50-ն ընգրկվել են 1000 խոշոր հարկատուների ցանկում։ Այսինքն՝ ներկրողները խոշոր հարկեր են վճարել պետբյուջե։»,- նշեց նա։
Ռաֆիկ Ղազարյանի խոսքով՝ այս տարի ԵԱՏՄ շուկայում փոփոխություններ են եղել, ինչի արդյունքում արտահանվող մեքենաների թիվը զգալի նվազել է։«Հիմա է՛ ՀՀ կառավարությունը ներկայացրել է նախագիծ, որով ավտոներկրողներին պարտադրում են ունենալ 20 տոկոս շահույթ։ Եթե անգամ մենք չունենանք այդ շահույթը, նրանք մեզ պարտադրում են, որ այդքան շահութահարկ վճարենք»,- նշեց նա։
Հարցին, թե հիմնավորումը որն է, Ռաֆիկ Ղազարյանն ասաց՝ նախագծի հեղինակները գտնում են, որ ավտոներկրմամբ զբաղվող ընկերությունները ունեն ավելի շատ եկամուտ, բայց չեն հայտարարագրում։ «Մեզանից երևո՞ւմ է, որ մենք այդքան շահույթ ունենք»- ասաց նա։
Հեռուստահաղորդավար Վարդան Օնանյանը ևս զբաղվում է ավտոմեքենաների ներկմամբ։ Նրա խոսքով՝ բողոքի ակցիային մասնակցում են նաև գործարարներ, որոնք մեքենաներ են ներկրում նաև ԱՄՆ-ից, որտեղ մասնակցում են աճուրդների, մեքենաներ գնում և տեղափոխում Հայաստան։
Նրա խոսքով՝ դրսից ներկրված ավտոմեքենաների գները շատ ավելի ձեռնտու են, քան այստեղ գործող շուկայական գները։
«Այդ պատճառով բազմաթիվ մարդիկ ցանկանում են թեկուզ 3 ամիս սպասել, բայց ունենալ ավելի լավ, էժան մեքենա։ Ինչն է խնդիրը։ Մեզ նման ընկերությունները նախնական պայմանագիր են կնքում հաճախորդի հետ, ու փաստացի արձանագրվում է նաև մեքենայի գինը՝ գործող օրենքների ու հարկերի համաձայն։ Ամեն ինչ արվում է սպիտակ դաշտում, որևէ գաղտնի բան չկա։ Եվ այն գները, որոնցով մեքենաները դուրս են գալիս աճուրդի, պարզ տեսնում են նաև մեր ՊԵԿ-ում, և մեքենաների մաքսազերծումն էլ, բնականաբար, այդ թվով է կատարվում։ Եւ մեքենա ներկրողն ու վաճառողն ինքն է որոշում իր եկամտի չափը։ Համոզված եմ, որ ոչ միայն մեր ընկերությունը, այլ նաև մյուս ընկերություններն այս գործից մեծ եկամուտներ չեն ակնկալել, քանի որ այս ամենը դիտվում է մեծածախի սահմաններում և ամեն մեքենայի մեջ, նույնիսկ կախված չլինելով մեքենայի արժեքից, ունենում ենք շատ փոքր եկամուտ», - ընդգծեց Վարդան Օնանյանը։
Նա հիշեցրեց, որ նոյեմբերի 16-ին ԱԺ-ն երկրորդ ընթերցմամբ ընդունել է Հարկային օրենսգրքում փոփոխությունների և լրացումների նոր փաթեթը, որով պարտադրվում է իրենց նման ընկերություններին ունենալ նվազագույնը 20 տոկոս եկամուտ և, բնականաբար, հարկելու են այդ 20 տոկոսից։
«Վերջին 10 տարվա իմ փորձը ցույց է տալիս, որ որևէ գործարք չի եղել՝ տնտեսվարողը մեկ մեքենայի վաճառքից ունենա 20 տոկոս եկամուտ։ Այսինքն՝ մեզ պարտադրում են անպայման ունենալ 20 տոկոս եկամուտ։ Տարօրինակն այն է, որ օրենքը կիրառվելու է դեկտեմբերի 1-ից, սակայն ԱՄՆ-ից մեկ մեքենա գնել և տեղափոխելը Հայաստան, տևում է առնվազն 3 ամիս։ Հիմա մենք ունենք նախնական կնքված պայմանագրեր, որոնցում փաստացի արձանագրված է նաև վաճառքի գինը և մեր նման ընկերություններին պարտադրում են, որ հաճախորդին ասենք՝ այս մեքենան պետք է գնի ոչ թե 10 դրամով, այլ 12 դրամով»,- ասաց նա։
Վարդան Օնանյանը նշեց, որ իրենք պահանջում են խտրականություն չդնել և ցանկացած գործարար ինքը որոշի իր եկամուտի չափը։ Բացի այդ, պահանջում են սահմանել առնվազն 6-ամսյա ժամկետ, քանի որ դեկտեմբերի 1-ից հետո, եթե մեքենան ստանա պետական գրանցում, ապա պետք է արդեն իսկ հարկվի նոր կանոններով։
«Սա անընդունելի է։ Թողեք մարդիկ աշխատեն, մանր ու միջին բիզնեսը որևէ խոչընդոտ չունենա։ Մեզ ստիպում են 20 տոկոսով թանկ վաճառել մեքենան, բայց ես չեմ ուզում այդ մեքենան այդքան թանկ վաճառել»,- հավելեց նա։
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան