Հակակոռուպցիոն կոմիտեն հայտարարում է, որ Դատական դեպարտամենտը վերազանցել է իր լիազորությունները
Կառավարության նոյեմբերի 23-ի նիստում Նիկոլ Փաշինյանի այն հայտարարությանը, թե ձգձգվում են կոռուպցիոն գործերով իրական արդյունքները, Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահ Սասուն Խաչատրյանը հայտարարել էր. «Մենք հիմա քրեական գործ ունենք դատարան ուղարկված մոտ 20 մլն դրամի կաշառքի դիմաց ՊՆ-ի իրային պահեստի հրամանատարի վերաբերյալ։ Այդ քրեական գործը դատարանը վարույթ ընդունելուց հետո բոլոր մեղադրյալներին կալանքից ազատել է։ Ես ամենևին չեմ ուզում քննարկել դատարանի որոշումը, բայց մենք ունենք իրավիճակ, երբ, որպես պրակտիկա, կալանքի տակ չգտնվելու դեպքում՝ դատական նիստերը տարիներով ձգձգվում են, դա խնդիր է»։
Դատական դեպարտամենտն արձագանքել էր Սասուն Խաչատրյանի խոսքերին և տարածած պարզաբանման մեջ գրել.
«…Խոսքն ակնհայտորեն վերաբերում է Հակակոռուպցիոն դատարանում քննվող «Զինվորական համազգեստների» վերաբերյալ քրեական գործին, որում ներգրավված են եղել չորս մեղադրյալներ:
Նրանցից երկուսի նկատմամբ որպես խափանման միջոց կիրառված է եղել կալանքը, մեկի նկատմամբ՝ տնային կալանքը և գրավը, իսկ վերջինի նկատմամբ՝ բացակայելու արգելքը:
Դատարանը, հաշվի առնելով քրեական գործի առանձնահատկությունները, գտել է, որ ամենախիստ խափանման միջոցը՝ կալանքը, անհրաժեշտ չէ, քանի որ կիրառված համակցված խափանման միջոցները բավարար են մեղադրյալների պատշաճ վարքագիծն ապահովելու համար: Ավելին՝ նախաքննական մարմնի կողմից բավարար ապացույցներ ու հիմնավորումներ չեն ներկայացվել, որ մեղադրյալները կալանքի բացակայության դեպքում կարող են խոչընդոտել քննությանը:
Նաև հարկ ենք համարում ընդգծել, որ խափանման միջոցներն առհասարակ չեն պարունակում պատժիչ տարրեր: Առավել ևս, անթույլատրելի է խափանման միջոցի ընտրությունը դատական քննության արագացման խթան կամ քննության հետ ավելի օպերատիվ համագործակցելու մոտիվացիոն գործիք ծառայացնելը:
Եթե որևէ դատավորի որոշում որևէ պետական մարմին ցանկանում է կասկածի տակ դնել, ապա կա երկու եղանակ` վերադաս ատյան բողոքարկումը կամ դատավորին կարգապահական պատասխանատության ենթարկելու գործիքակազմը:
Նշված և այլ գործերի ձգձգման համար որևէ դատավորի վերաբերյալ կարգապահական ոչ մի վարույթ առկա չէ, ինչը վկայում է, որ չկա փաստարկված որևէ դատական սխալ, որը Հակակոռուպցիոն կոմիտեին հիմք կտար դիմել դատավորի դեմ կարգապահական վարույթ հարուցելու միջնորդությամբ:
Վերջում, որպես ամփոփում, կարևոր է ընդգծել, որ հանուն կոռուպցիայի դեմ արագ և արդյունավետ պայքարի՝ դատական իշխանությունը պատրաստ է ցանկացած քննարկման և աշխատանքային համագործակցության, որը, անշուշտ, կլինի օրինականության և դատավորների էթիկայի վարքականոնների շրջագծում: Նման աշխատանքային և հրապարակային քննարկումներում դատական իշխանությունը պատրաստ է ներկայացնել իր հիմնավորումները և մտահոգությունները, թե՛ հանրությանը, և թե՛ իշխանության մյուս թևերին ու անկախ մարմիններին:
Դատական իշխանությունը 2024 թվականի հունվարից նաև հրապարակային հարթակներում կներկայացնի բոլոր թերացումների, ձգձգումների, չարդարացված ակնկալիքների ու եղած ձեռքբերումների մասին:
ՀՀ Դատական դեպարտամենտ»:
Այսօր ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեն արձագանքեց Դատական դեպարտամենտի հայտարարությանը, որում ասվում է.
«Նախօրեին ՀՀ դատական դեպարտամենտը հայտարարություն է տարածել՝ մեջբերելով, մասնավորապես, ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի նախագահ Սասուն Խաչատրյանի՝ կոնկրետ քրեական գործի առնչությամբ նույն օրը ՀՀ կառավարության նիստի ընթացքում կատարած այն դիտարկումը, որ դատարանը, քրեական գործը վարույթ ընդունելուց հետո բոլոր մեղադրյալներին կալանքից ազատել է. «Ես ամենևին չեմ ուզում քննարկել դատարանի որոշումը, բայց մենք ունենք իրավիճակ, երբ, որպես պրակտիկա, կալանքի տակ չգտնվելու դեպքում դատական նիստերը տարիներով ձգձգվում են, դա խնդիր է»:
Դատական դեպարտամենտը, փաստերի վերը նշված արձանագրումները դիտարկելով որպես դատական իշխանությանն ուղղված մեղադրանք, հայտարարություն է տարածել կոնկրետ քրեական գործով մեղադրյալների նկատմամբ խափանման միջոց կիրառելու հիմնավորումների և նախաքննական մարմնի կողմից ներկայացված ապացույցների բավարարության վերաբերյալ:
Ըստ էության, Դատական դեպարտամենտը, որպես Բարձրագույն դատական խորհրդի աշխատակազմ, կոչված լինելով ապահովել ԲԴԽ-ի, դատարանների, դատավորների ընդհանուր ժողովի և նրա հանձնաժողովների գործունեությունը, ինչպես նաև քաղաքացիական, գանձապետական համակարգի, գնումների, ֆինանսատնտեսական և այլ գույքային իրավահարաբերություններին նշված մարմինների մասնակցությունը, փորձել է մեկնաբանություններ կատարել դատական ակտերի և նախաքննական մարմնի ներկայացարած ապացույցների հիմնավորվածության կապակցությամբ, որի լիազորությամբ օժտված չէ:
Ավելին, իրեն վերագրելով իրավապահ այլ մարմինների համար օրենքի կիրառման մեկնաբանություններ կատարելու գործառույթ՝ որոշակի դասագրքային վերլուծություններ է կատարել խափանման միջոցների նշանակության, կիրառման նպատակների վերաբերյալ և ապա՝ դատական իշխանության անունից պատրաստակամություն հայտնել հրապարակային քննարկումներում հանրությանը, իշխանության մյուս թևերին և անկախ մարմիններին ներկայացնել իր հիմնավորումներն ու մտահոգությունները:
Զերծ մնալով դատական քննության փուլում գտնվող քրեական գործերով դատարանների կայացրած որոշումների հրապարակային քննարկումներից և ապացույցների գնահատումից՝ Հակակոռուպցիոն կոմիտեն ձեռնպահ կմնա նաև այդ մասին Դատական դեպարտամենտի տարածած հայտարարության մեջ հնչեցրած մեկնաբանություններին արձագանքելուց՝ հատկապես հաշվի առնելով, որ հիշյալ հայտարարությունը տարածած մարմինը նույնպես նման որևէ իրավասություն չունի»:
Հարակից հրապարակումներ`
- Մեղադրական եզրակացությամբ դատարան ուղարկված վարույթների թիվն աճել են 97 %-ով. Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահ
- ԲԴԽ-ն տեղեկացվել է դատական գործերի համակարգչային մակագրման ծրագրի վերագործարկման թույլատրելիության մասին. Դատական դեպարտամենտ
- Դատախազությունը վերահաստատում է՝ դատական գործերի մակագրման համակարգի առգրավված բանալիները վերադարձվել են Դատական դեպարտամենտին
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները