Հայ ազգի լավագույն զավակների հերոսական պայքարը հանուն ոչնչի դարձնել չեք կարող. Նարե Սիմոնյան
«Արցախի սուբյեկտայնությունը վաղուց ճանաչված է Հայաստանի կողմից։ ՀՀ ճանաչում է Արցախի սուբյեկտայնությունը, ՀՀ-ն չի դավաճանել Ացախին, ՀՀ-ն չի դավաճանել հայ ժողովրդի ազգային շահը։ Փաշինյանն և իր վաչախումբն են դավաճանել Արցախն ու հայ ժողովրդի ազգային շահը»,- Ազգային ժողովում լսումների ժամանակ ասաց արցախցի Նարե Սիմոնյանը։
Նա նշեց, որ Արցախը հայ ժողովրդի ազատ կամարտահայտման և գոյապայքարի արդյունքում ստեղծված պետություն է և ոչ մի պաշտոնյան ՀՀ-ում և Արցախի Հանրապետությունում չունեն բարոյական և իրավական լծակներ Արցախի Հանրապետությունը լուծարելու։
«Արցախի Հանրապետության պետական ու սահմանադրական ինստիտուտները պետք է շարունակեն գործել։ Մեր սրտացավ ու հայրենատեր հայրենակիցների ջանքերով պետք է գործեն նաև Արցախի հանրային ինստիտուտները»,- ասաց Ն. Սիմոնյանը։
Նա նշեց, որ Արցախը հանձնողները, հայոց ինքնիշխանությանն աննախադեպ և անդառնալի վնասներ հասցրեց վարչախումբն առանց ամոթի խոսում է ինքնիշխանությունից։
«Իսկ ի՞նչ է ինքնիշխանությունը։
Ինքնիշխան ես, երբ կարող ես տեր կանգնել քո յուրաքանչյուր քաղաքացու իրավունքներին և ազատություններին։ Չես կարող խոսել ինքնիշխանության մասին, երբ քո 100 հազար քաղաքացիների թողել ես անտեր, որ ցեղասպանվեն և նույնիսկ բռնագաղթից հետո հակաօրինական, հակասահմանադրական եղանակով քո 100 հազարավոր քաղաքացիների զրկում ես քաղաքացիությունից քո ներքաղաքական քմահաճույքներից ելնելով։
Չես կարող խոսել ինքնիշխանությունից, երբ ամեն օր միտումնաբար շարունակում ես կազմաքանդել բանակդ, թուլացնել բանակդ, իսկ բանակիդ նվիրյալ և փորձառու սպաները բանտերում են՝ Երևանում և Բաքվում։
Ինքնիշխան ես, երբ կարող ես քեզ թույլ տալ տեր կանգնել երկրորդ հայկական պետականության իրավունքներին և ամոթ է հոխորտալ ինքնիշխանության մասին, երբ քո երկրի պաշտոնյան հայտարարում է, որ Արցախի պետական ինստիտուտների պահպանությունը Հայաստանի համար անվտանգային ռիսկ է պարունակում։ Այսինքն նույնն է, ինչ կասեր եթե Բաքվի պաշտոնյա լիներ։
Ինքնիշխան ես, երբ բացարձակ արժեք է անկախությունը, այլ ոչ թե իշխանությունը, հանուն որի պատարստ ես դավաճանել ազգային շահը, ծառայել ցանկացած աշխարհաքաղաքական կենտրոնի, շատ հաճախ հենց թնամիների շահերին։ Դուք բարոյականության և ազգային շահի ոչ մի կարմիր գիծ չունեք, ձեր միակ կարմիր գիծը ձեր իշխանությունն է, հանուն որի ամեն ինչի պատրաստ եք։ Ապացուցել եք արդեն։
Մի օր կկորցնեք ձեր իշխանությունը և այն ամենը, ինչ ձեռք եք բերել ձեր անփառունակ իշխանության տարիներին։
Հայ ժողովրդի մաքառումը, հայ ազգի լավագույն զավակների հերոսական պայքարը հանուն ոչնչի դարձնել չեք կարող։ Հայոց պատմության մեջ հանուն ոչնչի մնալու է միայն ձեր դավաճանությունը։
Իմ և իմ նմանների անուններից եմ ուզում հայտարարել՝ մենք պայքարելու ենք հանուն ինքնության, ինքնիշխանության, պետականության, սա շատ ծանր պայքար է, երկարատև պայքար է՝ լի փորձություններով, բայց և հնարավորություններով։ Սա արժանապատվության վերականգնման ու արժանապատիվ վերադարձի համար պայքար է և այո, Արցախ արժանապատիվ վերադարձ լինելու է՝ ի հեճուկս դավաճանների և թշնամիների»,- ասաց Նարե Սիմոնյանը։
Հարակից հրապարակումներ`
- Վստահություն քվե չեք ստացել, որ արցախցիներին զրկեք քաղաքացիությունից. Սողոմոնյանը՝ ՔՊ-ականներին
- Իշխող վարչակարգը, որպեսզի քողարկի իր ձախողումները, հրաժարվել է մեր անկախության հիմնաքարերից. Չալաբյան
- Եթե «Հայաքվե»-ի օրինագծին ԱԺ-ում հայտնված ուժերը դեմ են, հետևաբար լեգիտիմ չեն. Արծվիկ Մինասյան
- «Հայաքվե» նախաձեռնությունն անհրաժեշտություն է հատկապես ՀՀ և Արցախի շուրջ ստեղծված ռազմաքաղաքական ներկա իրավիճակում. Օհանյան
- Արցախը համարվում է ՀՀ անվտանգության երաշխավոր, դրա որևէ մեկ պետական ատրիբուտ չի կարող վտանգ հանդիսանալ. Հակոբ Հակոբյան
- Հայաստանում Արցախի պեական ինստիտուտների պահպանումը ուղիղ սպառնալիք է մեր անվտանգությանը. Ալեն Սիմոնյան
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան