Հանեք բարձերի տակից հին դոլարները՝ քանի ուշ չէ
Քաղաքացիներից Panorama.am-ը դիմումներ է ստանում, որ Հայաստանում բանկերը և փոխանակման կետերը միջնորդավճար են վերցնում հին թողարկման ԱՄՆ դոլարները նորերով փոխանակելու կամ դրամի վերածելու ժամանակ և այդ մասին իրենք իմանում են միայն մասնաճյուղում գործարք անելիս: Panorama.am-ը դիմեց ՀՀ Կենտրոնական բանկին՝ պարզելու համար, թե արդյո՞ք հին թողարկման ԱՄՆ դոլարը դուրս է գալիս շրջանառությունից, կենտրոնացված ձևով կանոնակարգվո՞ւմ է դրանց փոխանակման գործառույթը և ո՞ր կառույցը պետք է քաղաքացուն իրազեկի միջնորդավճարների մասին:
Պատասխան գրության մեջ ՀՀ ԿԲ-ն հայտնում է. «Ի պատասխան նոյեմբերի 21-ի Ձեր հարցման, հայտնում ենք, որ հին թողարկման ԱՄՆ դոլարները շարունակում են ԱՄՆ-ում մնալ շրջանառության մեջ՝ հանդիսանալով օրինական վճարամիջոցներ:
Ինչ վերաբերում է «հին թղթադրամները նորերով փոխարինելու դրույքաչափին», ապա նշենք, որ ֆինանսական կառույցների կողմից մատուցվող ծառայությունների գներն ուղղակիորեն չեն կարգավորվում կամ հրահանգավորվում Կենտրոնական բանկի կողմից՝ շուկայի մասնակիցները կարող են տարբեր սակագներ կիրառել:
Տեղեկացնենք նաև, որ ՀՀ տարածքում գործող մի շարք արտարժույթի առքուվաճառքի գործառնություններ իրականացնող ֆինանսական կազմակերպություններ, անկախ դրամանիշի թողարկման տարեթվից, արտարժույթի փոխանակման համար միջնորդավճարներ չեն գանձում»:
Panorama.am-ին ԿԲ-ի հասարակայնության հետ կապերի ստորաբաժանումից նաև հայտնեցին, որ միջնորդավճարների մասին իրենք չեն իրազեկում, մասնավոր բանկերը պետք է հաճախորդներին պատշաճ իրազեկեն իրենց մատուցած ծառայությունների և սակագների մասին:
Panorama.am-ն վերոնշյալ հարցերով դիմեց ՀՀ-ում գործող բանկերին և պարզեց, որ վերջիններս հին թողարկման դոլարը նորով փոխարինելու համար 1 տոկոս միջնորդավճար են գանձում: Կային բանկեր, որոնք նույնչափ միջնորդավճար են գանձում նաև հին թողարկման դոլարը դրամով փոխանակելու դեպքում: Նույն պայմաններ էին գործում նաև հարցված փոխանակման կետերում:
Բանկերը 3-5% միջնորդավճար են վերցնում նաև վնասված արտարժույթը փոխանակելիս՝ կախված վնասվածության չափից, իսկ երկու մասի բաժանված թղթադրամներն ընդհանրապես չեն ընդունում:
Հուսանք այս հրապարակումը կաշխատի որպես իրազեկում և օգտակար կլինի գոնե ընթերցողների համար
Հարակից հրապարակումներ`
- Դոլարն արժեզրկվում է
- Դոլարի, եվրոյի և ռուբլու փոխարժեքն` այսօր
- ԱՄՆ պետական պարտքը պատմության մեջ առաջին անգամ գերազանցել է 32 տրիլիոն դոլարը