Թիրախավորվել է Հայաստանը, մեր պետությունն ու պետականությունը. Սերժ Սարգսյան
«Թիրախավորումներն ինձ համար սովորական երևույթ են արդեն 30 տարուց ավելի»,-«դիզվառելիքի գործով» հերթական դատական նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ երրորդ նախագահ, ՀՀԿ նախագահ Սերժ Սարգսյանը։
Նա նշեց, որ այդ թիրախավորումներն ավանդաբար սկսել են անել ադրբեջանցիները, 90-ականների կեսերին նրանց ձայնակցել են տեղացիները, իսկ հիմա առանձնապես ոչինչ չի փոխվել, այդ երգչախմբին միացել են նոր ձայներ նոր տոնայնությամբ։
«Չգիտեմ՝ իրենք գիտակցո՞ւմ են, որ իրենց համարելով ընդդիմադիր՝ ջուր են լցնում Հայաստանի կառավարիչների ջրաղացին։
Այս նույնը վերաբերում է նաև Հայաստանի Հանրապետական կուսակցությանը»,- ասաց Ս. Սարգսյանը։
Նա ընդգծեց, որ, իր կարծիքով, ամենակարևորը դա չէ։
«Կարևորն այն է, որ թիրախավորվել է Հայաստանի Հանրապետությունը, մեր պետությունն ու պետականությունը։
Իմ խորին համոզմամբ, վերջին 100 տարվա մեջ հայ ժողովրդին այսպիսի ողբերգություն չէր պատուհասել։ Իհարկե, այդ ընթացքում եղել են բազմաթիվ պրոբլեմներ՝ կուլակաթափություն, 30-ականներին մարդկանց, որոշ դեպքերում, անտեղի գնդհակահարություններ, Հայրենական պատերազմ, ավերիչ երկրաշարժ, բայց այսպիսի ողբերգություն չի եղել։
Ցավոք սրտի, մեր հասարակության մեջ դեռևս ամբողջովին առկա չէ այս գիտակցումը, որ այդ ողբերգությունն ամենածանր ու ցավոտ հարվածն է եղել մեր պետականությանը»,- ասաց Սերժ Սարգսյանը։
ՀՀ երրորդ նախագահը նշեց, որ միշտ համարել ու այսօր էլ համարում է, որ Արցախի համար պայքարը եղել է Հայաստանի պետականության համար պայքար և այդ խնդիրը, երբ որ իրենք առաջ էին մղում, այդ գիտակցությամբ էին առաջ մղում։
«Ղարաբաղը երբեք Հայաստանի, Հայաստանի պետականության, հայ ժողովրդի համար բեռ չի եղել, եղել է ընդհակառակը, փրկօղակ, և այդ ողբերգությունը, փաստորեն, մեր պետականությունը զրկեց իր հիմնասյուներից մեկից։
Առաջին հերթին պետք է մտածել դրա մասին և ոչ թե անձերին, առանձին քաղաքական ուժերին թիրախավորելու մասին։ Թող թիրախավորեն, հատկապես այդ թիրախավորումների ճնշող մեծամասնությունն ուղղակի զրպարտություններ են, ժամանակի ընթացքում իրենք էլ են տեսնում, որ զրպատություններ են»,- ասաց Սերժ Սարգսյանը։
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան