Սև ուրբաթին թափ հավաքող օնլայն գնումների հետևանքները թվարկում է տնտեսագետը
Առաջիկա տարիներին ականատես ենք լինելու օֆլայն առևտրի՝ մասամբ կամ ամբողջությամբ առցանց հարթակներ տեղափոխվելու գործընթացին։ Նման կանխատեսում են անում փորձագետները՝ ներկայացվելով օնլայն գնումների ընդհանուր պատկերի վիճակագրությունը։
Ներկայում էլեկտրոնային հարթակներում է կատարվում առևտրի մոտ 90%-ը: Սա ժամանակակից թրենդ է, որը, սակայն, ունի երկու երես՝ առավելություններ և ռիսկեր։ Չէ՞ որ, դրանից տուժում են մանրածախ առևտրով զբաղվող ընկերությունները։
Իսկ դա անխուսափելիորեն ազդելու է սպառողների վրա՝ օրինակ, օֆլայն խանութներում գների զգալի տատանումների տեսքով։ Մրցակցությանը դիմադրելու համար կամ պետք է խիստ նվազեցնել գները՝ ինչը կհանգեցնի ոչ շահութաբերությանն ու դրանց հետագա փակմանը, կամ օֆլայն խանութների գները զգալիորեն ավելի բարձր են լինելու, ինչն անհավասար մրցակցային դաշտ է ստեղծում։
Սև ուրբաթին ընդառաջ Panorama.am-ն դեռ թափ հավաքող օնլայն գնումների ռիսկերի, տնտեսության վրա ունեցած ազդեցության մասին զրուցել է տնտեսագետ Սուրեն Պարսյանի հետ։
Panorama.am -Պարոն Պարսյան, ինչպե՞ս են օնլայն գնումներն ազդում շուկայում գործող տնտեսվարողների վրա։
Տնտեսագետ-Մանրածախ վաճառողները և խանութները լուրջ մրցակցության առջև են կանգնած։ Ապրանքը ներկրելով, նրանք վճարում են հարկեր, մաքսատուրքեր, աշխատավարձեր։ Իսկ գնում կատարողները այդ հարկերի զգալի մասը չի վճարում։ Ստացվում է, որ նույն ապրանքը ներկրելով տնտեսվարողը պետք է այն մաքսազերծի, իսկ սպառողը՝ ոչ։ Ինչն առաջացնում է անհավասար մրցակցային դաշտ և վաճառոնղների արդարացի դժգոհություն։ Եվ այսստեղ մեծ անելիք ունի պետությունը՝ խթանելով տեղական արտադրողներին, կարգավորելով օնլայն հարթակների առևտուրը։ Հակառակ դեպքում կարող ենք կորցնել մեր տեղական արտադրությունը։
Այսօր առանց ժամանակակից թվային տեխնոլոգիաների անհնար է առևտուր իրականացնել, ինչը լրացուցիչ ծախսեր է առաջացնում տնտեսվարողների համար։ Դրանք անխուսափելի են, և այո՝ դրանք ազդում են շահութաբերության վրա։ Ընդ որում, այդ գումարների ծախսերը հաճախ ոչ արդյունավետ են, ապրանքի իրացումը չի հասնում ցանկալի մակարդակի, հարթակների արդյունավետությունը նույնպես նվազել է։
Հիմա պետք է մտածել սեփական՝ հայկական հարթակներ ունենալու մասին, այլընտրանքային թվային սխեմաների մասին։ Եթե Հայաստանում առկա օնլայն հարթակները՝ նույն Վայլդբերիզը, ագրեսիվ քաղաքականություն վարի, հետագայում կարող է սեփական ձեռքերում կենտրոնցնել մանրածախ վաճառքի շուկան՝ սկսելով գին ավելացնել ու թելադրել, ինչպես դա եղավ, օրինակ, նույն Յանդեքսի պարագայում։ Հիմա տաքսի ծառայությունների շուկայի մեծ մասը նա է կառավարում։ Պետք է թույլ չտալ, որ նույն սխեման կրկնվի մնացած օնլայն հարթակների դեպքում։ Այս պարագայում մեծ անելիքներ ունի տնտեսական մրցակցության պաշտպանության հանձնաժողովը՝ սահմանափակելով օնլայնների իշխանությունը, վերահսկելով պայմանագրային որոշակի սխեմաներ, ու, անշուշտ, մյուս կողմից խթանելով տեղական հարթակների զարգացումը։
Panorama.am- Ի վերջո՝ կվերանա՞ն արդյոք օֆլայն խանութները, թե օնլայն վաճառքը միայն մի մասն է կազմելու։
Տնտեսագետ-Հաշվի առնելով մարքետինգային և հոգեբանական նրբությունները, կարելի է վստահաբար ասել, որ մարդ էակը մշտապես ձգտում է նրան, ինչ առաջին հերթին տեսնում ու դիպչում է, զգում է հոտը, կարող է համտեսել։ Այնպես որ, աշխարհը գրավելու օնլայն հարթակների փորձերը մոտ շրջանում վստահաբար մեզ չեն սպառնում: Քանի դեռ կանխիկ գումարն ի սպառ չի վերացել մեր գրպաններից, և մենք լիովին չենք անցել անկանխիկ առևտրի, մենք շարունակելու ենք խթանել մանր ու միջին առևտրին։
Panorama.am-Օնլայն առևտրի ռիսկերի մասին հարցն ունի նաև տեխնիկական կողմ՝ ինտերնետի հասանելիությունը։ Ողջ օնլայն տիրույթը կախված է ինտերնետի առկայությունից, որը մենք ստանում ենք հիմնականում մալուխային համակարգով, որն էլ, իր հերթին, մեզ չի պատկանում։ Արդյո՞ք մենք դիտարկում ենք ինտերնետ հասանելիությունից մի օր զրկվելու ռիսկերը։ Ինչպե՞ս են այլ երկրները լուծում այս խնդիրները։
Տնտեսագետ-Ինտերնետ հասանելիությունն ապահովվում և մալուխային, և արբանյակային կապի միջոցով։ Հայաստանը երկու ուղղությամբ է ինտերնետ կապ ստանում՝ Վրաստանից և Իրանից, ի դեպ՝ իրանականն անցկացվել է հենց Հայաստան-Իրան գազատարի գծով։ Արբանյակային կապն, իհարկե, ավելի թանկ է, բայց որպես այլընտրանք այն գոյություն ունի։ Այլ հարց է, որ Հայաստանը պետք է ունենա սեփական հարթակների զարգացման հավակնություն, հենվելով միջազգային փորձին։ Օրինակ, Չինաստանն ունի սեփական ինտերնետի տիրույթը, սեփական Ֆեյսբուքը, Յութուբը և այլն։ Մենք նույնպես կարող ենք այս ուղղությամբ քայլեր անել։ Պետությունը պետք է ամեն կերպ նվազեցնի իր կրիտիկական ենթակառուցվածքերի ռիկսերը՝ զարգացնելով սեփական թվային տեխնոլոգիաները։
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան