Կոտրել են արցախցի չեմպիոնի մեքենայի ապակին ու գողացել ապրուստի վերջին գումարը
Ժամեր առաջ Երևանում կոտրել են Արցախից բռնի տեղահանված և Երևանում բնակություն հաստատած Կիոկուշին Կարատեի աշխարհի եռակի չեմպիոն Արթուր Արուշանյանի մեքենայի ապակին և գողացել ապրուստի վերջին գումարը։
Տեղի ունեցածի մասին Արթուր Արուշանյանը Panorama.am-ին մանրամասներ է պատմել.
«Երեկոյան մեքենան կանգնացրել եմ բակում, բարդոչոկում կինս փող էր թողել։ Առավոտյան երեխային մանկապարտեզ տանելուց դուրս եկանք, տեսանք, որ հետևի դռան ապակին կոտրել են, դուռը բացել են։ Մեքենայի մեջ սաղ շուռ տված էր իրար գլուխ, դրամապանակից գումարը տարել են, դրամանապանակը թողել են։ 300 հազար դրամ էր։ Կինս Արցախում աշխատելու ընթացքում էր կուտակել»։
Արցախցի չեմպիոնը դիմել է ոստիկանություն, իրականացվել են համապատասխան գործողություններ։
«Ոստիկաններն էլ ասեցին, որ նման դեպքերը շատացել են։ Կոնկերտ չասացին՝ արցախցիների՞ մասին է խոսքը, թե՞ ընդհանուր։ Շատ դեպքերում չեն էլ գտնում հանցագործներին»,-ասաց նա։
Արուշանյանը ֆեյսբուք սոցիալական ցանցում հաճախ է տեսել լուսանկարներ, որտեղ երևում է՝ հենց նույն ձևով կոտրել են մեքենայի ապակին ու տարել մեքենայի մեջ եղածը։
Ավելի վաղ նա ֆեյսբուքում գրել էր. «Ապագա կա, կա ապագա։ Շնորհակալություն վերջին փողը գողանալու համար»։
Նա նաև հրապապարակել էր մեքենայի նկարը։
Տեղի ունեցածը բազմաթիվ քննադատությունների է արժանացել։
«Ցավոք սրտի, վերջին օրերին կիոկուշին կարատեի աշխարհի և Եվրոպայի բազմակի չեմպիոնի թալանված մեքենան միակ դեպքը չէ արցախցիների մի կերպ փրկած չնչին ունեցվածքի նկատմամբ ոտնձգությունների շարքից։ Ով տեղյակ չէր, ասեմ. ԱՀ-ում գրանցված համարանիշները իրենց շրիֆտով տարբերվում են ՀՀ-ում գրանցվածներից»,-գրել է օգտատեր Անի Հարությունյանը։
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները