«Իմ երևակայության Խաչատրյանը»՝ Հայաստանից և Արցախից շուրջ 39 արհեստագործ վարպետների ձեռագործ աշխատանքներում
Արամ Խաչատրյանի տուն-թանգարանում նոյեմբերի 27-ին տեղի կունենա «Իմ երևակայության Խաչատրյանը» խորագրով ցուցահանդես-մրցույթ՝ նվիրված մեծանուն կոմպոզիտոր Արամ Խաչատրյանի 120-ամյակին։
ՀՀ մարզերի, Երևանի և Արցախից տեղահանված շուրջ 39 արհեստագործ վարպետներ կներկայացնեն ձեռագործ աշխատանքներ, որոնք կրում են Խաչատրյանի ստեղծագործական ժառանգության ազդեցությունը: Վարպետների պատրաստած արտադրանքը՝ դեկորատիվ-կիրառական արվեստի նմուշներ, գեղանկար, գրաֆիկա, քանդակ, հուշամեդալներ, մանրադրամներ, զարդեղեն, հուշանվերային բնույթի իրեր կտրամադրվեն Արամ Խաչատրյանի տուն-թանգարանին՝ ցուցասրահում ներկայացվելու համար:
«Միջոցառումը կնպաստի մշակութային ժառանգության կենսունակության պահպանմանը և արհեստագործական ներուժի ճանաչելիության բարձրացմանը»,- նշում են կազմակերպիչները:
Երեք անվանակարգում հաղթող ճանաչված մասնակիցները կստանան դրամական պարգևներ: Ցուցահանդեսը կտևի մինչև սույն թվականի դեկտեմբերի 27-ը։ Ծրագիրն իրականացվում է Երևանի քաղաքապետարանի աջակցությամբ, Արամ Խաչատրյանի տուն-թանգարանի գործընկերությամբ: