«Կին» միջազգային փառատոնի ծրագրերում կներկայացվեն 53 ֆիլմ 20 երկրից
«ԿԻՆ» միջազգային կինոփառատոնը նշում է իր հոբելյանական 20-ամյակը։ Փառատոնը տեղի կունենա դեկտեմբերի 1-5-ը։
Այս տարի՝ հայկական կինոյի հիմնադրման 100-ամյակի առթիվ, «ԿԻՆ» կինոփառատոնը կներկայացնի «Կինը հայ կինոյում» ֆիլմը նվիրված հայ կինոյի այլընտրանքային պատմությանը. այն է՝ հայ կին կինոռեժիսորների անցած ճանապարհին։ Ֆիլմը կներկայացվի փառատոնի բացմանը՝ դեկտեմբերի 1-ին։ «Կինը հայ կինոյում» ֆիլմի ցուցադրությանը կհետևի Մարիա Սահակյանի «Փարոս» ֆիլմի ցուցադրությունը։
Հայ կինոյի 100-ամյակին նվիրված միջոցառումների շրջանակներում կցուցադրվեն խորհրդային և հետխորհրդային տարիների ընթացքում աշխատած կին-ռեժիսորների՝ Արշա Օվանեսովայի, Սեդա Պումպյանսկայայի, Ռուզաննա Ֆրանգուլյանի և Մարիա Սահակյանի ֆիլմերը։
Փառատոնի ծրագրերում կներկայացվեն 53 ֆիլմ 20 երկրից։
Փառատոնի կազմակերպիչները նշում են, որ մրցութային ծրագրում լինելու են հետաքրքիր և բազմաժանր կարճամետրաժ ֆիլմեր։ Մրցութային ֆիլմերի ցուցադրությունները կսկսվեն դեկտեմբերի 2-ին։
Այս տարի առաջին անգամ փառատոնի ավարտին կշնորհվեն «Լավագույն խաղարկային ֆիլմ» և «Լավագույն վավերագրական ֆիլմ» մրցանակները։
Հյուրերի ծրագիրը նույնպես բազմազան է. դեկտեմբերի 2-ին, ժամը 18:30-ին կցուցադրվեն «Հայկական հրապարակ» (ռեժ.՝ Լոլա Գարսիա-Աջոֆրին) և «Խաշ» (ռեժ.՝ Յուլիա Մելամեդ) ֆիլմերը։ Այս երկու ֆիլմերը միավորված են մի թեմայի շուրջ՝ երկուսն էլ պատմում են հայ
իրականության մասին օտարերկրացու աչքերով։
Նույն օրը՝ դեկտեմբերի 2-ին կցուցադրվի «Ոչ մի ճշմարիտ խոսք» ֆիլմը (ռեժ.՝ Նոա Ահարոնի), որը պատմում է Իսրայելում 70-ականներին ամենամեծ «Ռուդի» հոգեվերլուծական ինստիտուտի հիմնադրի հակասական կերպարի մասին։
Դեկտեմբերի 3-ին կցուցադրվի Մարիամ Օհանյանի «Ձեռագրերը չեն այրվում» ֆիլմը, որը ճանապարհորդություն է դեպի Ուկրաինայի Լվով քաղաք՝ բացահայտելու քաղաքի հայկական ժառանգությունը։
Դեկտեմբերի 4-ին, ժամը 19:30-ին կցուցադրվի Իննա Մխիթարյանի «Թոնրատուն» ֆիլմը, որտեղ 5 կին 30 քառակուսի մետր տարածքում` թոնրատանը. լավաշ են թխում ու քննարկում կյանքն ու պատերազմը։
Հայ կինոյի 100-ամյակին նվիրված հետահայաց ծրագրի շրջանակներում դեկտեմբերի 3-ին կցուցադրվի Արշա Օվանեսովայի «Անսովոր հանդիպումներ» ֆիլմը, իսկ դեկտեմբերի 4-ին՝ «Հանդիպում
վաղորդյան աստղի հետ» (ռեժ.՝ Ռուզաննա Ֆրանգուլյան) և «Պողպատից և արցունքներից կինը» (ռեժ.՝ Սեդա Պումպյանսկայա) ֆիլմերը։
Փակման արարողությանը կցուցադրվի Վալերիա Բրունի-Թեդեսկիի «Ընդմիշտ երիտասարդ» ֆիլմը, որի պրեմիերան տեղի է ունեցել 75-րդ Կաննի կինոփառատոնում։ Փակման արարողությունը տեղի կունենա դեկտեմբերի 5-ին։
Բոլոր ցուցադրությունների մուտքն ազատ է։ Ֆիլմերը ցուցադրվում են բնօրինակ լեզվով, հայերեն թարգմանությամբ (ականջակալների միջոցով) և անգլերեն ենթագրերով։
Փառատոնին ներկա են լինելու արտերկրից ժամանած մասնակիցներ, ովքեր կպատասխանեն հանդիսատեսի հարցերին՝ ֆիլմի ցուցադրությունից հետո։ Ներկա են լինելու՝ «Մեկը տառապանքի համար, երկուսը՝ ուրախության» ֆիլմի ռեժիսոր Անա Յանգը, Չինաստան, «Մթության մեջ» ֆիլմի ստեղծագործական թիմը՝ Օլգա Դոբրոմիսլովա, Մակսիմ Դոբրոմիսլով և Ալեքսանդը Եվսեև, Ռուսաստան, «Մարսում զիլ է» ֆիլմի ռեժիսոր Աննա Պետրիկը, Ռուսաստան, «Եվա» ֆիլմի գլխավոր
հերոս Եվա Բերգերը, Ռուսաստան, «Փակելով աչքերը» ֆիլմի ռեժիսոր Յուլիա Շինկարենկոն, Ռուսաստան։
Փառատոնի ժյուրիի անդամներն են` Ելենա Կուցենկոն (կինոգետ, Ռուսաստան), Լյուսիան Քերրին (պրոդյուսեր, ԱՄՆ), Արփինե Սիմոնյանը (սցենարիստ-ռեժիսոր, Հայաստան), Ալիսա Տայոժնայան (կինոքննադատ, Ռուսաստան), Աննա Արևշատյանը (կինոռեժիսոր, Հայաստան):