Զիլջյան ծնծղաների արտադրության 400-ամյակը կնշանավորվի միայն նամականիշի տպագրությամբ
Այս տարի լրանում է ծնծղաներ արտադրող «Զիլջյան» ընկերության 400-ամյակը։ Ողջ տարվա ընթացքում որևէ միջոցառում տեղի չունեցավ նվիրված 400-ամյա պատմություն ունեցող տոհմին։ Panorama.am-ը դիմեց ԿԳՄՍ նախարարություն տեղեկանալում, թե արդյո՞ք որևէ միջոցառում կամ ծրագիր ունի հայկական ծղծղաների հանրահռչակման, «Զիլջյան» ընտանիքի մասին բարձրաձայնելու վերաբերյալ, հնարավոր է արդյո՞ք ծղծղան ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցուցակում ընդգրկելու հայտ ներկայացվի։
ԿԳՄՍ փոխնախարար Ալֆրեդ Քոչարյանի պատասխանում նշված է. «Հայկական ծնծղաների հանրահռչակման և «Զիլջյան» ընկերության 400-ամյակի վերաբերյալ հայտնում ենք, որ մշակութային ծրագրերի իրականացման ընթացքում շարունակաբար կարևորվում է հայկական նվագարանային մշակույթի պահպանումն ու հանրահռչակումը: Մասնավորապես` Զիլջյան ընտանիքի գործունեության առնչությամբ նախապատրաստական փուլում է Զիլջյան ծնծղաների արտադրության 400-ամյակին նվիրված նամականիշի տպագրությունը»։
Զիլճյան ընտանիքի պատմությունը սկսվում է 1623 թվականից, երբ ալքիմիկոս Ավետիս Զիլճյանը Կոստանդնուպոլսում մետաղների որոշակի խառնուրդից ստացել է հատուկ համաձուլվածք ծնծղա պատրաստելու համար։ Այդ խառնուրդի գաղտնիքը դարեր շարունակ խիստ գաղտնի է պահվել, երկար ժամանակ նույնսկ գրի չէին առնում, որպեսզի բացառեին տեղեկատվության արտահոսքը։
Զիլճյաններն Օսմանյան կայսրության ողջ տարածքում ծնծղաների համատարած արտադրության արտոնյալ իրավունք էին ստացել։ Որոշ ժամանակ անց երաժշտական գործիքը մեծ պահանջարկ էր ձեռք բերել և սկսվել է կիրառվել թուրքական բանակում։ Զինվորները օգտագործել են այն թշնամիներին վախեցնելու համար։ Թուրքերը գործիքը «զիլ» էին կոչում (բարձր, կտրուկ հնչեղություն ունեցող - խմբ.), իսկ վարպետներին՝ «զիլջի», ինչը թարգմանաբար նշանակում է «ափսեների վարպետ»։ Այսպես, Քերոբ-Ավետիսը «զիլջիին» ավելացրել է «յան» ու դարձել Զիլջյանների տոհմի նախահայրը։
1915-ի Մեծ եղեռնի ժամանակ Զիլճյանների ընտանիքի ողջ մնացած անդամներին հաջողվել է տեղափոխվել ԱՄՆ։ 1929 թվականին Մասաչուսեթս նահանգի Քուինսի քաղաքում հիմնադրվել է Avedis Zildjian Co ընկերությունը։
Ժամանակի ընթացքում Զիլճյան կորպորացիան կատարելագործել է արտադրական ողջ տեխնոլոգիան, ստեղծելով թավալուն (ռայթ) ծնծղաներ, որոնք ներառված են մի քանի թմբուկներից բաղկացած հարվածային գործիքի մեջ և հանրությանը ծանոթ են չիկա-չիկ անվամբ։
Քսաներորդ դարի կեսերից ցայսօր ջազ և ռոք նվագախմբերի հիմնական մատակարարը Զիլճյաններն են եղել։
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան