Մեզ չի հետաքրքրում Լեռնային Ղարաբաղը ծանր վիճակում թողած Հայաստանի վարչապետի կարծիքը.Հարավային Օսիայի առաջնորդ
Հարավային Օսիայի նախագահ Ալան Գագլոևն ասել է, որ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը դավաճանել է իր ժողովրդին, և Հարավային Օսիայի ժողովրդին նրա կարծիքը չի հետաքրքրում։ Մեկնաբանելով նախօրեին ուղիղ եթերում Փաշինյանի այն հայտարարությունը, թե Հայաստանը աջակցում է Վրաստանի տարածքային ամբողջականությանը` Գագլոևն ընդգծել է, որ Հարավային Օսիան ճանաչված անկախ պետություն է, և բոլորը պետք է դա հաշվի առնեն։
«Մենք հարգում ենք հայ ժողովրդին, ում հետ ունենք բազմադարյա բարեկամական հարաբերություններ, բայց մեզ չի հետաքրքրում Լեռնային Ղարաբաղը ծանր վիճակում թողած Հայաստանի վարչապետի կարծիքը, որը դավաճանել է սեփական ժողովրդին, հիմնականում՝ ազգությամբ հայերին, ովքեր օգնություն էին սպասում Հայաստանից: Փաշինյանը համարձակություն չունեցավ ճանաչելու Արցախի անկախությունը, նման քաղաքական գործիչների կարծիքը մեզ չի հետաքրքրում»,-ՏԱՍՍ-ի փոխանցմամբ, ասել է Գագլոևը։
Նա հայտարարել է, որ «այսօր Հարավային Օսիան ճանաչված է Ռուսաստանի Դաշնության և մի շարք այլ երկրների կողմից որպես անկախ պետություն, և բոլորը պետք է դա հաշվի առնեն»։
Նոյեմբերի 24-ին ուղիղ եթերի ժամանակ, պատասխանելով քաղաքացու հարցին, թե պատրա՞ստ է Հայաստանը ճանաչել Աբխազիան և Օսիան որպես օկուպացված տարածքներ, Փաշինյանը ասաց, որ Հայաստանը լիովին և միանշանակ աջակցում է Վրաստանի տարածքային ամբողջականությանը։
Հարակից հրապարակումներ`
- Արծվաշենն ինքնիշխան Հայաստանի տարածք է.Փաշինյան
- Մահափորձ է կատարվել Հարավային Օսեթիայի ներքին գործերի նախարարի վրա
- Հարավային Օսեթիան Վրաստանից ճանաչում է պահանջել