Հակոբ Արշակյանը ելույթ է ունեցել ԱՄԷ-ի կազմավորման 52-րդ տարեդարձի միջոցառմանը
ՀՀ Ազգային ժողովի նախագահի տեղակալ Հակոբ Արշակյան ֆեյսբուքի իր էջում գրել է, որ նոյեմբերի 24-ին ելույթ է ունեցել Արաբական Միացյալ Էմիրությունների կազմավորման 52-րդ տարեդարձի առթիվ:
Շնորհավորելով Արաբական Միացյալ Էմիրությունների կազմավորման 52-րդ տարեդարձի առթիվ՝ Արշակյանն ասել է, որ երկրների միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատումից ի վեր ստորագրվել են երեք տասնյակից ավելի փաստաթղթեր, հիմք է դրվել ընդլայնված համագործակցությանը:
«Արաբական Միացյալ Էմիրությունները Մերձավոր Արևելքի և Հյուսիսային Աֆրիկայի տարածաշրջանում Հայաստանի առաջին առևտրային գործընկերն է, մեր երկրների միջև երկկողմ առևտրի ծավալը տարեցտարի տպավորիչ ցուցանիշներ է գրանցում: 2022 թվականին այն կազմել է 999,5 միլիոն ԱՄՆ դոլար՝ «ըստ արտահանող երկրի» ցուցանիշի, իսկ ընթացիկ տարվա ինն ամիսների տվյալներով՝ ավելի քան 1,1 միլիարդ ԱՄՆ դոլար,-հայտարարել է ԱԺ փոխնախագահը։
Նշելով որ Էմիրաթական ներդրումներն ավելի ու ավելի նկատելի են դառնում Հայաստանի տնտեսության մեջ՝ Արշակյանն ասել է. «Առևտրատնտեսական հարաբերությունների զարգացման, ինչպես նաև զբոսաշրջության խթանման տեսանկյունից որպես դրական ձեռքբերում ցանկանում եմ ընդգծել ՀՀ-ի և ԱՄԷ-ի միջև կանոնավոր ուղիղ չվերթների կարևորությունը, որոնց թիվը հասնում է շաբաթական մոտ 30-ի»:
Նա ուրախությամբ տեղեկացրել է, որ Հայաստանի քաղաքացիների համար ԱՄԷ մուտքի արտոնագրի չեղարկման արձանագրությունը ևս վավերացման փուլում է և մոտ ապագայում արդեն ուժի մեջ կմտնի։
«Ընդգծելով հայ-էմիրաթական փոխգործակցության բարձր մակարդակը՝ հարկ եմ համարում նշել, որ մեր հարաբերություններն օժտված են զարգացման մեծ ներուժով և հավատացած եմ, որ համատեղ ջանքերի գործադրմամբ կկարողանանք էլ ավելի խորացնել և ընդլայնել մեր երկրների միջև առկա ընդգրկուն օրակարգը՝ ի շահ և ի բարօրություն մեր բարեկամ ժողովուրդների»,-ասել է Հակոբ Արշակյանը:
Հարակից հրապարակումներ`
- Սուրեն Պապիկյանը մեկնել է ԱՄԷ
- Հայաստանի սուվերեն տարածքի նկատմամբ ցանկացած ագրեսիա ստանում է իր պատասխանը.Հակոբ Արշակյան
- Էրդողանը ԱՄԷ նախագահի հետ քննարկել է Իսրայելի և Պաղեստինի շուրջ տեղի ունեցող վերջին իրադարձությունները
- Բազմաթիվ զարգացած երկրներում էլ կա այդ պրակտիկան. Հակոբ Արշակյանը հակադարձեց Արսեն Թորոսյանին