Փաշինյանի հրաժարականի պահանջով «Զանգ» շարժման անդամները բերման ենթարկվեցին
Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով «Զանգ» շարժման անդամները իրազեկման ակցիա էին իրականացնում Սարյան փողոցով՝ վանկարկելով «Մենք հնազանդ չենք, մենք համաձայն չենք»։ Ոստիկանները նրանց պահանջեցին մայթով իրականացնել ակցիան։ Մասնակիցները նշեցին, որ մայթերով անհարմար է իրականացնել ակցիան, պահանջեցին ապահովել երթի՝ երթևեկելի գոտով անցնելու հնարավորությունը մինչև այն պահը, երբ հնարավոր լինի իրականացնել մայթերով։
Ոստիկաններից մեկն ակցիայի մասնակիցներին բերման ենթարկելու հրաման տրվեց իրենց պահանջը չկատարելու համար։
«Բերման, հենց հիմա, արագ»,- գոռաց ոստիկաններից մեկը։
Ակցիայի մասնակիցներին քաշքշելով նստացրեցին ոստիկանական մեքենաներ։ Ոստիկանները նաև ակցիայի մասնակիցներից խլեցին վրանը:
Շարժման մի քանի անդամի բերման ենթարկելուց հետո մյուսները շարունակեցին ակցիան՝ իրազեկելով նոյեմբերի 27-ին ժամը 19։00-ին Մաշտոցի պուրակում հավաքվելու մասին։
Շարժման անդամ ադրբեջանագետ Տաթևիկ Հայրապետյանն ասաց, որ իրենք կարող են հանգիստ նստել բնակարաններում, սպասել 2-3 ամիս, դրանից հետո արդեն պայքարելու իմաստ էլ չի լինի, քանի որ Ադրբեջանի գործողոթյունները, Հայաստանի իշխանությունների որոշումը՝ չդիմադրել այդ գործողություններին, կարող է մեզ համար ունենալ լուրջ հետևանքներ։
«Հորդորում եմ դուրս գալ փողոց, միանալ «Զանգ» քաղաքացիական շարժմանն ու օգնել հեռացնել գործող իշխանությանը, Նիկոլ Փաշինյանին, վերջ տալ այս անարժանապատիվ, դիմադրությունից զուրկ իրավիճակին, կարողանանք դիմագրավել մարտահրավերներին,- նշեց նա։
Հարակից հրապարակումներ`
- «Զանգ»-ն այսօր կրկին ահազանգեց
- Կարմիր բերետավորները բերման ենթարկեցին «Զանգ» ՀԿ անդամների
- «Զանգ»-ը հայտարարում է փողոց դուրս գալու մասին