Ռուսաստանից մարդկանց և կապիտալի մեծ ներհոսքը Հայաստան շարունակվում է․ փոխնախարար
Ռուս-ուկրաինական հակամարտության պայմաններում շարունակվում է Ռուսաստանի Դաշնությունից մարդկանց և կապիտալի մեծ ներհոսքը Հայաստան։ Ինչպես այսօր ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նիստում հայտնեց ֆինանսների փոխնախարար Վահան Սիրունյանը, 2023 թվականի հունվար-սեպտեմբերին նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ դեպի ՌԴ ապրանքների արտահանման շուրջ 85 տոկոս դոլարային աճին զգալիորեն նպաստել է վերարտահանումը։
Ինչ վերաբերում է զբոսաշրջությանը, ապա, ըստ նրա, Հայաստան այցելած զբոսաշրջիկների թիվն այս տարվա 9 ամիսներին աճել է 48,4 տոկոսով։ Զբոսաշրջիկների 29,1 տոկոսը եկել են ՌԴ-ից։
Վահան Սիրունյանը միաժամանակ նշեց, որ հաշվետու ժամանակահատվածում ՀՀ զուտ դրամական փոխանցումները նախորդ տարվա նույն ժամանակահատվածի նկատմամբ նվազել են շուրջ 23,1 տոկոսով։ «Այլ երկրներից փոխանցումները նվազել են 50,5 տոկոսով, իսկ Ռուսաստանից դեպի Հայաստան դրամական փոխանցումներն աճել են 27,4 տոկոսով»,- նշեց փոխնախարարը։
Նրա խոսքով՝ արտահանման ծավալներն աճել են 44,8 տոկոսով, իսկ ներմուծումը՝ 46,4 տոկոսով։
«Արտահանման աճի դանդաղումը, ի համեմատ նախորդ ամիսների, հիմնականում պայմանավորված է նախորդ տարվա բարձր բազային էֆեկտով, ինչպես նաև պղնձի միջազգային գների նվազմամբ և ՌԴ ռուբլու նկատմամբ ՀՀ դրամի արժևորման տեմպերի արագացմամբ»,-ասաց Վահան Սիրունյանը։
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան