ԿԳՄՍՆ «Ակունք» համույթից գումար է պահանջում
«2015 թվականի պայմանագիր է եղել, շահել են, գումար է տրվել «Ակունքին», տարազներ են կարվել։ Նախարարությանը ներկայացվել են հաշվետվություններ, փաստաթղթեր։ ԿԳՄՍ նախարարությունը հայց է ներկայացրել դատարան, իբր համույթի կողմից պայմանագրի կետերի խախտումներ, շեղումներ են կատարվել, բայց որևէ խախտման, շեղումի մասին չեն խոսում։ Դատարանը, փաստորեն, իրենց ասածը հիմք է ընդունել»,- Panorama.am-ի հետ զրույցում ասաց փաստաբան Սուրիկ Գրիգորյանը։
Հարցին՝ 2015 թվականին է գումար տրվել «Ակունք»-ին, ինչո՞ւ է հիմա դատական հայց ներկայացվել, Ս.Գրիգորյանը ասաց. «Դարձել է ադրբեջանական կառավարություն։ Այդ կազմակերպությունը ֆինանսներ չունի, ֆինանսական գործարքներ չի արել, միայն այդ գործն է արվել, որպեսզի ունենան տարազ։ Հիմա ունեն այդ տարազը։ Տարազը կարող են տալ իրենց, իրենք էլ փոխանցեն Անգլիային»։
Նա պնդեց, որ «Ակունքը» գումարը ծառայեցրել է իր նպատակին, կարվել են տարազները։
«Կառույցները, որոնք կարել են, արել եմ ամենաէժան պայմաններով։ Այն ժամանակ նախարարությունը շնորհակալություն էր հայտնել արդյունավետ աշխատանքի համար։ Իսկ հիմա սրանք տնտեսությունը, բյուջեն ոչնչացրել են, որպեսզի իրենց հավելավճարներն ապահովեն, անցել են համահայկական կողոպուտի»,- ասաց փաստաբան Ս.Գրիգորյանը։
Իսկ որն է այս ամենի նախապատմությունը։
ԿԳՄՍ նախարարությունը դատի է տվել «Ակունք» ազգագրական երգի-պարի համույթին։ Երևանի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանը, դատավոր Լիլիթ Սաղոյան, վճռել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության հայցն ընդդեմ «Ակունք ազգագրական համույթ» ՀԿ-ի՝ գումարի բռնագանձման պահանջի մասին, բավարարել «Ակունք ազգագրական համույթ» ՀԿ-ից հօգուտ նախարարության բռնագանձել 2.283.000 ՀՀ դրամ գումար:
DataLex դատական տեղեկատվական համակարգում ներկայացված գործի համաձայն, ԿԳՄՍ նախարարության ներկայացուցիչ Ժաննա Անդրեասյանի կողմից 2023 թվականի հունիսի 7-ին դատարան է ներկայացվել հայցադիմում ընդդեմ «Ակունք ազգագրական համույթ» ՀԿ-ի՝ գումարի բռնագանձման պահանջի մասին: Նա հայտնել է, որ հայցվորի և «Ակունքի» միջև 10.12.2015թ.-ին կնքվել է դրամաշնորհի հատկացման պայմանագիր, հատկացնում է 2283.0 հազար (երկու միլիոն երկու հարյուր ութսուներեք հազար) դրամ։
«Պատասխանող կողմից ներկայացված ֆինանսական հաշվետվությունների ուսումնասիրման արդյունքում պարզ է դարձել, որ դրանում առկա են շեղումներ:
Հայցվորը բազմիցս դիմել է Պատասխանողին՝ խնդրելով ներկայացնել նախահաշվի ծախսային ուղղությունները հիմնավորող ֆինանսական փաստաթղթերը կամ վերադարձել տրամադրված գումարը: Սակայն պատասխանողը մինչ օրս չի արձագանքել և չի կատարել իր պայմանագրային պարտավորությունները»,- նշված է եղել հայցում:
«Ակունք» ազգագրական երգի-պարի համույթի գեղարվեստական ղեկավար, կոմիտասագետ Արթուր Շահնազարյանը «Հրապարակի» հետ զրույցում կարճ բնութագրել էր ստեղծված իրավիճակը ու ԿԳՄՍ նախարարի կողմից դատարան դիմելը. «Մի տարազի պատմություն․5 տարի առաջ նախարարությունը գումար էր հատկացրել՝ «Ակունքը» տարազ էր կարել, բայց արի ու տես, որ դատի են տվել մեզ, իբր թե այդ տարազը կարված չէ, կամ թե՝ պայման է խախտված, մի քիչ ուշ է կարվել, ըստ այդմ՝ գումարը պետք է հետ գանձել»։
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան