Մանկապարտեզներին սննդի մատակարարումներում հափշտակման գործով անցնում է Յուրա Ադյանը
Այսօր հայտնի դարձավ, որ ԱԱԾ-ն բացահայտել է հանցավոր խմբի կողմից նախադպրոցական ուսումնական հաստատություններում սննդի մատակարարման գործընթացում առանձնապես խոշոր չափերով հափշտակություն և փաստաթղթի կեղծիք կատարելու դեպքեր։
Պարզվել է, որ նախադպրոցական ուսումնական հաստատություններում երեխաների սննդի մատակարարման պետական գնումների մրցույթներում հաղթող ճանաչված և սննդի մատակարարմամբ զբաղվող «ՀԱՅԿԱԶՈՒՆՔ» և «ՖՈՏՈՆ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունների փաստացի սեփականատեր Յ.Ա-ն տարբեր անձանց հետ 2023 թվականի փետրվարից նոյեմբեր ամիսների ընթացքում փոխանցման եղանակով ստացել և խաբեության եղանակով հափշտակել են փաստացի չմատակարարված ապրանքների խմբաքանակների դիմաց վճարված՝ առանձնապես խոշոր չափերով գումարները:
Գյուղատնտես Հարություն Մնացակայանը ֆեյսբուքյան իր տեղեկացրել է, որ խոսքը Յուրա Ադյանի մասին է։
Panorama.am-ը դիմեց ԱԱԾ՝ պարզելու, արդյո՞ք հաղորդագրության մեջ նշված Յ.Ա.-ն Յուրա Ադյանն է։
«Նախաքննկան գաղտնիք է համարվում, այս պահին որևէ անուն հրապարակել չենք կարող»,-ասացին ԱԱԾ մամուլի կենտրոնից։
ԱԱԾ հրապարակած տեսանյութում երևացող կադրերից էլ կարելի է ենթադրել, որ խուզարկությունը տեղի է ունենում մի սենյակում, որտեղ արված լուսանկարն Ադյանը հրապարակել է իր ֆեյսբուքյան էջում։
Կադրը՝ ԱԱԾ տարածած տեսանյութից։
Լուսանկարը՝ Յուրա Ադյանի ֆեյսբուքյան էջից։
Մամուլում Ադյանի անունը որոնելիս տուգանքների ու քրեական գործերի մասին հրապարակումներ են բերում։
Օրինակ, 2013-ին ՀՀ ՏՄՊՊՀ-ն մանկապարտեզներին, մանկատներին և ծերանոցներին սնունդ մատակարարող «Երեքնուկ», «Սեար գրուպ», «Ամարաս Յուս» ընկերություններին տուգանել է 15 մլն-ական դրամով։ Ըստ մամուլի. «Ամարաս Յուս»-ը թիվ 38 մանկապարտեզում հաղթել է մատակարարման մրցույթում, սակայն հրաժարվել է ծառայություն մատուցել՝ զիջելով 2-րդ տեղը զբաղեցրած «Սեար գրուպ»-ին։ Արդյունքում՝ թթվասեր մատակարարելու համար պետությանը ներկայացվել է 740 դրամին համարժեք գնային առաջարկ, սակայն մատակարարվել 11500 դրամով։ «Ժողովուրդ»-ը գրել էր, որ «Երեքնուկ»-ի, «Սեար գրուպ»-ի և «Ամարաս Յուս»-ի տնօրենը նույն մարդն է՝ Յուրա Ադյան։
Ծանուցում. հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով՝ դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած դատավճռով։