ՀՀ պետական պարտքն աճել է 6․4%-ով․ փոխնախարար
Հայաստանի պետական պարտքը 2023 թվականի 9 ամիսներին կազմել է 4 տրլն 454 մլրդ դրամ: Այս մասին ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նիստում հայտարարեց Ֆինանսների փոխնախարար Վահան Սիրունյանը՝ ներկայացնելով 2023 թ-ի պետբյուջեի 9 ամիսների կատարման ընթացքի վերաբերյալ հաշվետվություն։
Նրա խոսքով՝ դրամային և դոլարային արտահայտությամբ ՀՀ պետական պարտքը նշված ժամանակահատվախում աճել է 6.4 տոկոսով։ «Այն աճել է համամասնորեն, քանի որ փոխարժեքն, ըստ էության, նախորդ տարվա տարեվերջի համեմատ մեծ տատանում չի ունեցել»,- ասաց նա։
Փոխնախարարը հայտնեց, որ Կենտրոնական բանկի պարտքը նվազել է, իսկ դրան զուգահեռ մոտ 7տոկոսով աճել է կառավարության պարտքը։
«Այսպիսով, այս տարվա հունվար-սեպետմբերին պետական պարտքը կազմել է 4 տրլն 454 մլրդ դրամ: Նախորդ տարվա տարեվերջի 4 տրլն 186.7 մլրդ դրամի դիմաց կառավարության պարտքը կազմել է 4 տրլն 244 մլրդ դրամ, արտաքին պարտքը 2 տրլն 354 մլրդ դրամ, ներքին պարտքը՝ 1 տրլն 890 մլրդ դրամ»,- ընդգծեց Վահան Սիրունյանը՝ հավելելով, որ դոլարային արտահայտությամբ պետական պարտքը կազմել է 11 մլրդ 322 մլն դոլար, կառավարության պարտքը՝ 10 մլրդ 790 մլն դոլար, իսկ Կենտրոնական բանկի պարտքը՝ 531 մլն դոլար:
Նա միաժամանակ նշեց, որ ընդհանուր առմամբ կառավարության պարտքի գծով սահմանված բոլոր ուղենիշերը պահպանվել են, իսկ պարտքի միջին տոկոսադրույքը նախորդ տարեվերջի նկատմամբ աճել է 0.7 տոկոսային կետով: «Պարտքի կառավարման տեսանկյունից Հայաստանը գտնվում է ռիսկի սահմանված ուղենիշների շրջանակներում»,- հավելեց փոխնախարարը։
Վահան Սիրունյանի խոսքով՝ կառավարության պարտքի կառուցվածքը բարելավվել է․ աստիճանաբար ավելացել է դրամային պարտքի մասնաբաժինը։
Նա նաև հայտնեց, որ ֆիքսված տոկոսադրույքով պարտքը գերազանցել է ռազմավարությամբ սահմանված նվազագույն 80 տոկոսի ցուցանիշը և կազմում է 84 տոկոս։
«Մեր պարտքում էական տեսակարար կշիռ ունի երկարաժամկետ պարտքը, սակայն վերջին տարիներին ավելացել է կարճաժամկետ և միջնաժամկետ պարտքի մասնաբաժինը։ Ներկա դրությամբ երկարաժամկետ պարտքի մասնաբաժինը 81 տոկոս է, միջնաժամկետ պարտքինը՝ 16 տոկոս, կարճաժամկետ պարտքինը՝ 3 տոկոս։ Աճել է դրամային պարտքը․ այս պահին այն կազմում է պարտքի 43 տոկոսը»,- նշեց Վահան Սիրունյանը՝ միաժամանակ հավելելով, որ ԱՄՆ դոլարով արտահայտված պարտքը կազմում է 34 տոկոս, եվրոյով պարտքը՝ 9 տոկոս։
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին