«Ժողովուրդ». Ինչ է տեղեկացնում կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը
«Ժողովուրդ» թերթը գրում է.
««Ժողովուրդ» օրաթերթը նախկինում գրել էր ՀՀ Ազգային ժողովի ՔՊ-ական պատգամավոր Էդուարդ Աղաջանյանի՝ հայտարարագրով ներկայացված ունեցվածքի մասին։ Նախկին DJ Ed Ward-ը 4-5 տարիների ընթացքում հասցրել էր ունեցվածք դիզել։ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովից տեղեկանում ենք, որ Էդուարդ Աղաջանյանի կողմից անհամատեղելիության պահանջների խախտման բացակայության վերաբերյալ վարույթ է հարուցվել։
2023 թվականի հունվարի 16-ին ներբեռնված տեղեկատվության համաձայն՝ Էդուարդ Աղաջանյանը 2014 թվականի սեպտեմբերի 17-ից հանդիսանում է «ԷՔՍԻՖԻԴ» ՍՊԸ-ի կանոնադրական կապիտալի 50% բաժնեմասի սեփականատեր։ Նաև Էդուարդ Աղաջանյանը 2022 թվականի մայիսի 31-ին ներկայացված 2021 թվականի տարեկան շահերի հայտարարագրում ընկերությունում մասնակցության, առևտրային կամակերպությունների կառավարման հանձնելու վերաբերյալ տվյալներ չի ներկայացրել։ Հենց այս առիթով էլ ընդունվել է վարույթ։
Հավելենք նաև, որ պատգամավորական մանդատը ստանալուց հետո՝ մեկ ամսվա ընթացքում, պատգամավորը պարտավոր է դուրս գալ անհատ ձեռնարկատիրոջ պետական հաշվառումից, ազատվել առևտրային կազմակերպություններում զբաղեցրած պաշտոնից, դուրս գալ առևտրային կազմակերպություններից կամ դրանց կանոնադրական կապիտալում իր բաժնեմասն ամբողջությամբ հանձնել հավատարմագրային կառավարման և հրաժարվել առևտրային կազմակերպություններում ուրիշի գույքի հավատարմագրային կառավարումից։ Նա պարտավոր է նաև ազատվել պետական կամ տեղական ինքնակառավարման մարմիններում զբաղեցրած պաշտոնից։
Վերը նշված փաստերի առթիվ ընդունված վարույթը կարճվել է, քանի որ պատգամավորական մանդատը ստանձնելու պահին «ԷՔՍԻՖԻԴ» ՍՊԸ-ն արդեն իսկ հանձնված է եղել հավատարմագրային կառավարման։ Այսինքն՝ պարզվել է, որ թղթերով ամեն ինչ կարգին է»։
Մանրամասները թերթի այսօրվա համարում