Բերման են ենթարկվել Սերգեյ Բագրատյանի կնոջ՝ ապօրինի շահագործվող հանքի աշխատակիցները․ «Հետք»
Ոստիկանությունը բերման է ենթարկել ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Սերգեյ Բագրատյանի կնոջ անունով գրանցված՝ հանքարդյունահանմամբ զբաղվող ընկերության տնօրենին ու աշխատակիցներին։ «Հետքը» տեղեկացել է, որ նոյեմբերի 27-ին իրավապահները ապօրինի գործող հանքի տարածքից նրանց տեղափոխել են քննչական մարմին։ Ավազի հանքի աշխատանքը դադարեցվել է։
Պատգամավորի կնոջ ընկերության կողմից ավազի ապօրինի արդյունահանման հետևանքով պետությանը խոշոր վնաս է պատճառվել։ Այս մասին «Հետքի» հարցմանն ի պատասխան հայտնել են Գլխավոր դատախազությունից։ Ըստ դատախազության՝ 2023 թ․-ի մարտի 13-ին Ռանչպար բնակավայրի վարչական տարածքում առանց ընդերքօգտագործման իրավունքի 6750 խորանարդ մետր ավազակոպճային լեռնային զանգված է տեղահանվել, որի հետևանքով 2.4 հեկտար հողաբուսական շերտ է վնասվել։ Ապօրինի ձեռնարկատիրության, հողը փչացնելու, ընդերքի պահպանման և օգտագործման կանոնները խախտելու հատկանիշներով (երեք դրվագ) քրեական վարույթ է նախաձեռնվել։
«Բացի այդ, 2023 թ․-ի սեպտեմբերի 23-ին «Արարակ» ՍՊԸ-ի կողմից Արարատի մարզի Ռանչպար գյուղում գտնվող 64.3 հա հողատարածքում իրականացված ավազակոպճային խառնուրդի արդյունահանման և իրացման հետևանքով պետությանն առանձնապես խոշոր չափի վնաս պատճառելու փաստի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ»,- հայտնել են Գլխավոր դատախազության հանրային կապերի բաժնից։
Ավելի մանրամասն՝ սկզբնաղբյուրում։