Ու կարդալը կդառնա ատավիզմ
Ինչու ատավի՞զմ։ Որովհետև կարդացողները հետ են ընկնում վերնագրերի, կամ առաջին պարբերությունների վրայով արագ վազողներից։ Առանց հասկանալու վազողներից։
Ահա այսպիսի զարգացումներ։
Նայում են՝ տեսնում ծանոթ բառ, չսիրածի նկար ու մնացածը որոշում են, թե ինչ պիտի գրած լինի։ Ասես՝ հայելու կողքով անցնեն։
Վերջերս մեկը ֆեյսբուքում պատմում էր, թե մեկին ... (կներեք կետերի համար) գրելու համար ոստիկանություն են տարել պարզաբանում ստանալու, թե ինչու է պաշտոնյային վիրավորել։ Ձախորդ գրողը պատասխանել է, որ ինքը չի նշել, թե ում մասին է գրել։ Քննիչը բարկացել է, թե՝ ով չգիտի, թե ...ն ով է։
Այսպիսի բաներ։
Որպեսզի չմտածեք, թե հնարում եմ, բերեմ կոնկրետ օրինակ՝ իրավապաշտպան Ավետիք Իշխանյան։
Քննչականը հստակ որոշել է ովքեր են դավաճանները, գտել է, կոնկրետ ում աթոռն է երերում, որ՝ ինքը ի պաշտոնե պիտի գործի դավաճանների պաշտպանության համար ու Ավետիք Իշխանյանի նկատմամբ գործ է հարուցել «մահ դավաճաններին» գրառման համար։
Գրառման մեջ անուն չկա։
Թե բա՝ մահ դավաճաններինը բռնության կոչ է։
Այդ դեպքում ինչու «սպանեք ստրուկներին ձեր մեջ»-ի համար գործ չհարուցվեց։
Նույն տրամաբանությամբ՝ դա ինքնասպանություն գործելու կոչ էր։
Քանի՞ այդպիսի մարդ է մնացել, որ անկեղծությամբ ու արդարությամբ վերլուծում է այն, ինչի մեջ ապրում ենք։
Վերջերս մի գրառման թեմա էլ «բացվեց»։
Գիտնական Այսեր Ղազարյանը ֆեյսբուքյան իր էջում վերլուծություն է արել, որն սկսվում է այս պարբերությամբ.
«Ու նման կարգի և որակի հիմքերով միջազգային զեկույցներ ընդունող և ծափահարող իշխանություններից և «փորձագետներից»՛ սպասելիքներ ունե՞ք... Ու մտահոգված եք, թե ինչպես է վարվելու ձեր հետ թշնամի՞ն... առաջին հերթին դուք ինքներդ եք ձեր թշնամին.. աշխարհին տեղը տեղին ներկայացրեք, թե ինչ թշվառ ու տգետ եք..»։
Զանգեցին, բողոքեցին, որ իրենց վիրավորող գրառում ենք տարածում։
Եկեք տեստ անենք. Հարց՝
ա/ ում է դիմում գիտնականը
բ/ ով է թշվառ ու տգետը։
Ուշադիր եղեք հայերենի տրամաբանությունը, խնդրեմ։ Թե չէ մի օր կարդալը իրոք ատավիզմ կդառնա ու Էլջերնոնի համար ծաղիկներ չեն գտնվի։
Անահիտ Ոսկանյան
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան