Լուկաշենկոյի օգնականն անընդունելի արարք է թույլ տվել
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն աշխատանքից ազատել է իր օգնականին։ Նախագահի մամուլի ծառայության փոխանցմամբ, պատճառը եղել է անընդունելի արարքը։
«Իգոր Բրիլոն ազատվել է Բելառուսի Հանրապետության նախագահի օգնականի՝ Վիտեբսկի շրջանի տեսուչի պաշտոնից պետական քաղաքացիական ծառայության մեջ գտնվելու հետ անհամատեղելի իրավախախտում կատարելու համար»,- ասված է պաշտոնական հաղորդագրության մեջ։
Թե ինչ իրավախախտման ու արարքի մասին է խոսքը, այստեղ չեն մանրամասնում։
Բրիլոն պաշտոնին նշանակվել է այս տարվա հուլիսին։ Մինչ այդ նա եղել է գյուղատնտեսության ու պարենի նախարարը։ Նշանակման ժամանակ Լուկաշենկոն հայտարարել է՝ ենթականերից ուզում է տեսնել Վիտեբսկի շրջանում տնտեսական ցուցանիշների բարելավում։
«Ռիա Նովոստի»-ն հիշեցնում է՝ նոյեմբերին Լուկաշենկոն հայտարարել է, որ երկրում բացահայտվել են դեպի Ռուսաստան կաթնամթերքի արտահանման հանցավոր սխեմաներ, ձերբակալվել է 26 մարդ։
Բելառուսի նախագահն ավելացրել է, որ «սխեման չէր կարող իրականացվել առանց պաշտոնյաների մասնակցության», սակայն կոնկրետ անուններ չի նշել։ Միաժամանակ նա նշել է, որ «ամեն ինչ սկսվել է Վիտեբսկի մարզից»։