ԳԱԿ-ում կբացվի Սահակ Պողոսյանի «Խուլի Տունը» ցուցադրությունը
Դեկտեմբերի 1-ից Գաֆէսճեան արվեստի կենտրոնի «Արծիվ» և «Սասունցի Դավիթ» պարտեզի սրահներում կգործի Սահակ Պողոսյանի «Խուլի Տունը» ցուցադրության հանդիսավոր բացումը։
Գաֆէսճեան արվեստի կենտրոնից Panorama.am-ին հայտնեցին, որ Սահակ Պողոսյանի «Խուլի Տունը» ցուցադրությունը կոթողային մի նախագիծ է՝ հարուստ տարաշերտ պատմական, կոնցեպտուալ, վիզուալ և արվեստային նարատիվներով։ Այս «բազմահարկ» նախագծի հիմքերը գտնելու համար պետք է շուրջ երկու հարյուրամյակ հետ գնալ՝ Ֆրացիսկո Գոյայի ժամանակներ, Պաբլո Պիկասոյի հետ բարձրանալ 20-րդ դարի «աստիճաններով» և հայտնվել 21-րդ դարում՝ Սահակ Պողոսյանի «Խուլի Տանը»։
«Ի՞նչ է այս «Խուլի Տունը»․ վիզուալ ցիտա՞տ, հղու՞մ, ալյուզիա՞, օմա՞ժ, գուցե որոշ մարդկանց համար անգամ գրագողությու՞ն։
Չէ՞ որ բոլոր այս կտավները «Արծիվ» և «Սասունցի Դավիթ» պարտեզի սրահներում Պիկասոյի և Գոյայի աշխատանքներից պարզապես ոգեշնչված չեն, այլ տեղ-տեղ թվացյալ կրկնություններ են կարծես։ Սահակ Պողոսյանի ստեղծած կտավները պոստմոդեռնիստական, անգամ մետամոդեռնիստական բնույթ ունեն, երբ աշխատանքներն առաջացնում են իրական կապ անցյալի հետ, դրա արդիականությունը ներկայում հասկանալու կամ նոր իմաստներ և նարատիվներ առաջարկելու համար:
Արվեստագետը իսպանացի նկարիչների աշխատանքներում կարմիր գծով անցնող ողբերգության, թախիծի, հեգնանքի և հակաուտոպիայի մեջ երևան է հանում հայկական պատմամշակութային իրականության հետ կապը, և արտացոլում է դա ամենաանսպասելի ձևով։ Սահակ Պողոսյանի համար «Խուլի Տունը» մեր իրականությունն է, որտեղ «Խուլը» մարդկությունն է, իսկ «Տունը» մեր մոլորակը։ Այս ցուցադրությունը լսելու, այլ ոչ թե զուտ ականջ դնելու մասին է»,- նշում են ԳԱԿ-ից։
Ցուցադրությունը կգործի հանրության համար Կենտրոնի «Արծիվ» և «Սասունցի Դավիթ» պարտեզի սրահներում մինչև 2024 թվականի ապրիլի 28-ը։ Մուտքն ազատ է։
Գաֆէսճեան արվեստի կենտրոնի առաքելությունն է ժամանակակից արվեստի միտումները ցուցադրել Հայաստանում և աշխարհին ներկայացնել հայկական մշակույթի լավագույնը: 2009թ. նոյեմբերին տեղի ունեցած բացումից առ այսօր Գաֆէսճեան արվեստի կենտրոնը, հավատարիմ իր առաքելությանը, կազմակերպում է բազմազան ցուցահանդեսներ, ներկայացնում ժամանակակից արվեստի յուրօրինակ գործեր, իրականացնում կրթական ծրագրեր, ֆիլմերի ցուցադրություններ, համերգաշարեր և դասախոսություններ: Գաֆէսճեան արվեստի կենտրոնի տարեկան այցելությունների թիվը գերազանցում է 1,000,000։
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին