Էրդողանը պատրաստվում է ցմահ մնալ Թուրքիայի նախագահի պաշտոնում․ Kathimerini
Հունական «Kathimerini» թերթն անդրադարձել է սահմանադրությունում և ընտրական օրենսգրքում Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի կողմից իրականացվելիք հնարավոր փոփոխություններին։
Էրմենիհաբերի փոխանցմամբ, եթե դրանք ի կատար ածվեն, ապա Թուրքիայի նախագահը կարող է ավելի քան 2 անգամ վերընտրվել իր պաշտոնում։
Հունական թերթն ընդգծել է, որ այդպիսով Էրդողանը ցանկանում է «ցմահ լինել Թուրքիայի նախագահ»։ Նաև նշվել է, որ Էրդողանի նպատակն է այս փոփոխություններում այլևս հույսը չդնել ազգայնականների հետ համագործակցության վրա՝ դրանով իսկ ազատվելով հավասարակշռող ուժերից։
Հոդվածում հիշեցվել է, որ Էրդողանն արդեն իսկ հանրության հետ կիսվել է ընտրական օրենսգրքում և սահմանադրությունում իր ուզած փոփոխություններով և քննադատել նախագահական ընտրություններում 50 + 1 տոկոս ձայն հավաքելու դրույթը։
Բացի այդ Էրդողանը ջանքեր է գործադրում Արևմուտքի հետ հարաբերություններն ամբողջությամբ չխզելու համար և ակնկալում է հանդիպման հրավեր ԱՄՆ նախագահ Ջո Բայդեն կողմից։