Եկեք Հայաստանի անունը փոխենք, ասենք՝ գժանոց. Բագրատյան
«Էս մարդը եկել է, բոլորին մեղադրում է՝ թալանել են, կերել են։ Հասկացանք, «ուտել-մուտել» կա, բայց ինքը 5 տարում ծախսել է 28 միլիարդ դոլար և ստացել է ընդամենը 4 միլիարդ դոլարի ՀՆԱ-ի աճ, 24-ն ի՞նչ է եղել»,- լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը:
Ըստ նրա, հաջորդ իշխանությունները, որ գան, հետևելու են՝ ինչ է արել այս մարդը։
«Մարդ կա իշխանության մեջ, որ 5 տարում միլիարդատեր է, օրինակ, խաղերի բիզնեսով զբացված ընկերները, անունները չեմ ուզում տալ»,-ասաց նա։
ՀՀ նախկին վարչապետն անդրադառնալով տնտեսական վիճակին, նշեց՝ վատ ցուցանիշ է, որ պետական պարտքն անցել է 11 մլրդ դոլարից։
«Իրենք ասում են՝ պարտք/ՀՆԱ հարաբերակցությունն է իջել, բայց ՀՆԱ-ի կառուցվածքն է վատացել: Պետք է պարտքը հարաբերել ոչ թե ՀՆԱ-ին, այլ ՀՆԱ այն հատվածին, որն արտահանման ունակ է։
Վատ է, շատ վատ է։
Ես Սերժ Սարգսյանի քննադատն էլ եմ եղել։ Բայց Սերժ Սարգսյանի ժամանակ թոշակը 5 տարում 29 հազարից հասել էր 40 հազար դրամի, իսկ գներն աճել էին 12 տոկոսով: Էս մարդու օրոք թոշակը 40 հազարից դարձել է 46 հազար դրամ, գներն աճել են 24 տոկոսով: Թոշակառուները փառք են տալիս Փաշինյանին։ Եկեք Հայաստանի անունը փոխենք, ասենք՝ գժանոց ու գնանք այդ գժանոցից։ Հո գժանոցում չենք ապրում, լավ»,- ասաց Հ.Բագրատյանը։