Ղարաբաղում մոտ 20 հայ է մնացել. ԿԽՄԿ գլխավոր տնօրեն
«Սեպտեմբերին Ղարաբաղից դեպի Հայաստան մարդկանց զանգվածային տեղաշարժից հետո Կարմիր Խաչը սկսեց փնտրել մարդկանց, ովքեր չեն կարողացել հեռանալ կամ նախընտրել են մնալ Ղարաբաղում: Մեր աշխատակիցները եղել են քաղաքներում, շրջել գյուղերում»,-RTVI-ին տված հարցազրույցում հայտնել է Կարմիր խաչի միջազգային կոմիտեի գլխավոր տնօրեն Ռոբերտ Մարդինին։
Նա նշել է, որ կոմիտեի աշխատակիցները շրջում էին և բարձրախոսներով փնտրում այնտեղ մնացած մարդկանց, որպեսզի օգնեն։
«Ու չնայած մեծամասնությունը մեկնել է Հայաստան, մենք Հայկական Կարմիր Խաչի հետ միասին աջակցում ենք մնացած բնակիչներին։
Շատ քչերն են մնացել, մասնավորապես տարեցներ, հաշմանդամություն ունեցող անձինք, ովքեր չեն կարողացել մեկնել Հայաստան։ Լեռնային Ղարաբաղում մնացած շուրջ 20 մարդ մեզնից ստացել են սննդի փաթեթներ, հաց, հիգիենայի պարագաներ, անցել բժշկական զննում, որն անցկացրել են Կարմիր խաչի միջազգային կոմիտեի բժիշկները»,-մանրամասնել է նա։
Ռոբերտ Մարդինին նշել է, որ կոմիտեն նաև ապահովել է մոտ 50 անապահով մարդկանց անվտանգ տեղաշարժը Հայաստան։
«Իհարկե, դա արվել է նրանց խնդրանքով։ Նրանցից շատերը վերամիավորվել են իրենց ընտանիքների հետ Հայաստանում։ Մենք շարունակում ենք կապ պահպանել Ղարաբաղում մնացած քչերի հետ՝ օգնելով նրանց վերամիավորվել Հայաստանում իրենց ընտանիքների հետ, կապ պահպանել նրանց հետ հեռախոսով կամ վիդեոկապով։ Սա դեռ շատ կարևոր տարածաշրջան է մեզ համար»,-ասել է Կարմիր խաչի միջազգային կոմիտեի գլխավոր տնօրենը։
Հարակից հրապարակումներ`
- Արցախում մեր հայրենակիցների էթնիկ զտման հեղինակային իրավունքն Ալիևի հետ կիսում է Փաշինյանը. Արեգնազ Մանուկյան
- Արցախում մնացած տարեցները. Ադրբեջանցի դեսպանը տեսանյութ է հրապարակել