Վրաստանը միշտ պատրաստ կլինի նպաստել տարածաշրջանային խաղաղությանը․ Պապուաշվիլի
Վրաստանի խորհրդարանի նախագահ Շալվա Պապուաշվիլին հանդիպել է Հայաստանի Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանի հետ։ Այս մասին գրում է aliq.ge-ն՝ հղում անելով Վրաստանի խորհրդարանի մամուլի ծառայությունը։
Ըստ հաղորդագրության՝ կողմերը նշել են, որ Վրաստանի և Հայաստանի միջև հարաբերություններմ ինտենսիվ զարգանում են, ինչի մասին է վկայում բարձր մակարդակի այցելությունների հաճախականությունը։
Արմեն Գրիգորյանը շնորհավորել է Վրաստանին Եվրահանձնաժողովից ԵՄ անդամության թեկնածուի կարգավիճակի վերաբերյալ դրական հանձնարարական ստանալու կապակցությամբ։
«Հանդիպմանը կողմերը զրուցել են տարածաշրջանային զարգացումների մասին։ Ընդգծվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղ համաձայնագրի կնքման կարևորությունը։ Շալվա Պապուաշվիլին ասել է, որ Վրաստանը միշտ պատրաստ կլինի նպաստել տարածաշրջանային խաղաղությանը»,- ասվում է հաղորդագրության մեջ։