«Հրապարակ». Երևանի ավագանու ոչ իշխանական անդամները հերթական «ստուգարքն» են հանձնելու
«Հրապարակ» թերթը գրում է.
«Երևանի քաղաքապետարանում դեկտեմբերի 24-ին ավագանու ոչ իշխանական անդամները հերթական «ստուգարքն» են հանձնելու։ Այդ օրը ներկայացվելու են Երևանի բյուջեի նախագիծը և զարգացման ծրագիրը, որը, ըստ օրենքի, ընդունվում է ավագանու ձայների պարզ մեծամասնությամբ, այսինքն՝ 33 ավագանի պետք է պարտադիր ներկա գտնվի, որ քվորում ապահովվի, իսկ նրանց մեծամասնությունն էլ պետք է կողմ քվեարկի:
Մինչդեռ, ինչպես արդեն հայտնի է, ՔՊ-«Հանրապետություն» կոալիցիան ունի 32 ձայն, ուստի անհրաժեշտ է, որ իրենց ընդդիմություն հռչակած խմբակցություններից մեկից գոնե մեկ անդամ ներկայանա, որպեսզի քվորում լինի` թեկուզ դեմ քվեարկի: Երևանի բյուջեն ու զարգացման ծրագիրը կարող են ընդունել միայն այդ դեպքում։
Հիշեցնենք, որ Ավինյանին քաղաքապետ ընտրելու նիստին մասնակցեցին Դոգի «Հանրային ձայնի» անդամները, որոնք դեմ քվեարկեցին, բայց քվորում ապահովեցին, որ ընտրությունը կայանա: Քաղաքապետարանի աղբյուրները հայտնում են, որ Ավինյանի՝ Վարդան Ղուկասյանի հետ կապված ձայնագրության հրապարակումից հետո, երբ նա ենթականերին հորդորել էր «շներին պարոնով չդիմել», այս խմբակցությունն այլևս նախկին «կառուցողականությունը» չունի` բոյկոտում են ավագանու նիստերը։
Ինչ վերաբերում է բյուջեի նախագծին, ապա 2024-ի ընդհանուր ծախսերը, այդ թվում՝ նաև ենթակառուցվածքների ծախսերը, կրճատվում են ավելի քան 8.5 միլիարդ դրամով, սակայն աշխատավարձային ֆոնդն աճում է 534 միլիոն դրամով: Միտում կա՝ վերականգնելու նաև պարգևավճարների «ավանդույթը»` 457 միլիոն դրամ նախատեսվում է պարգևավճարների համար։ Այս ցուցանիշը կրկնակի ավելի է նախորդ տարվա թվից»։
Մանրամասները թերթի այսօրվա համարում