Արցախի հարցը չի լուծվել, ոչ մի ժամանակում էլ չի կարող լուծված լինել. Սամվել Բաբայան
Արցախի Հանրապետության Պաշտպանության բանակի նախկին հրամանատար, Արցախի Անվտանգության խորհրդի նախկին քարտուղար Սամվել Բաբայանն այսօր հրավիրվել է ՀՀ Ազգային ժողովի 44-օրյա պատերազմի քննիչ հանձնաժողով։ Նիստը դնփակ է։
«Ինձ հրավիրել են, համաձայնվել եմ ներկա գտնվել, իրենց հարցերին պատասխանել։ Իսկ ինչո՞ւ պետք է խուսափեմ, եթե պատրաստ եմ պատասխանել բոլոր հարցերին»,- նախքան հանձնաժողովի նիստը, լրագրողների հետ զրույցում ասաց Սամվել Բաբայանը։
Նա նաև հայտարարեց, որ Արցախի հարցը չի լուծվել, ոչ մի ժամանակ էլ չի կարող լուծված լինել։
Հարցին՝ ինչպե՞ս է պատկերացնում լուծումը, առաջարկել էր կոմիտե ձևավորվի, նա պատասխանեց. «Ես առաջարկել եմ, բայց քանի որ Արցախի իշխանությունները երևի իրենց ձևն ունեն, և Հայաստանի ընդդիմությունը համարում է, որ ես խանգարում եմ իրենց պլանները, դրա համար ձեռնպահ ենք մնացել։ Այդքան մի բան»։
Ս. Բաբայանն ասաց, որ տեղյակ չէ, թե իշխանությունը, ընդդիմությունն ինչ գործողություն է իրականացնում արցախահայության վերադարձի համար։
«Ես գիտեմ՝ ես ինչ եմ իրականացնում»,- ասաց նա՝ չհստակեցնելով իր խոսքը։
Հարցին՝ հետամուտ չի՞ լինելու, որ իր առաջարկն իրագործվի, Բաբայանը պատասխանեց. «Ունենք խելոք ընդդիմություն, չէի ցանկանա իրենց խանգարել... Շատ խելոք... Ծրագրեր ունեն, ապագան տեսնում են՝ ուր են գնում, ինչ են անում»։
Նրա կարծիքով, Արցախը հանձնել ենք բոլորս միասին։
Լրագրողի դիտարկմանը՝ «մենք չենք հանձնել, դուք հանձնե՞լ եք», Բաբայանն արձագանքեց. «Ես՝ չէ»։
«20 տարի իշխանության հետ միասին չեք թողել որևիցե մի բան արվի», - ասաց նա՝ նշելով, որ իշխանություն ասելով նկատի ունի թե՛ Արցախի, թե՛ Հայաստանի իշխանություններին։
Հարցին՝ Նիկոլ Փաշինյանի՞ն էլ նկատի ունի՝ ասաց. «Այո»։
«Հո ձեզ չեմ մեղադրելու, իշխանությանն եմ մեղադրում»,- նշեց նա։
Հարակից հրապարակումներ`
- «Ժողովուրդ». Սամվել Բաբայանը կլինի ԱԺ քննիչ հանձնաժողովի վերջին հրավիրյալը
- «Եթե կառավարություն, ապա բացառապես Արցախում». Սամվել Բաբայանի կուսակցության հայտարարությունը
- Սամվել Բաբայանի հայտարարությունների և հաղորդման հիման վրա քրեական գործ է հարուցվել
- Սամվել Բաբայանի հայտարարությունը հարվածի տակ է դրել այն մարդկանց, որոնք հավանական ադրբեջանական սև ցուցակներում են. Աբրահամյան
- Սամվել Բաբայանի հայտարարությունը