«Փաստ». Մի՞թե պայթյունից զոհվածների ընտանիքներին, վիրավորվածներին չպետք է հատուկ մոտեցմամբ դրամական փոխհատուցում տրվեր
«Փաստ» թերթը գրում է.
«Ինչպես հայտնի է, ադրբեջանական վերջին ագրեսիայի հետևանքով ու նաև դրան շաղկապված բռնի տեղահանության ընթացքում տուժել, մահացել կամ վիրավորվել են խաղաղ բնակիչներ: Այդ թվում՝ սեպտեմբերի 25-ին ահավոր պայթյուն տեղի ունեցավ Ստեփանակերտ-Ասկերան ավտոճանապարհի հարակից տարածքում՝ բենզինի պահեստում: Այդ ողբերգության հետևանքով զոհվածների ճշգրիտ թիվն անհայտ է մինչև օրս. նշվում է, որ, նախնական տվյալներով, մոտ 220 զոհ է եղել:
Հայտնի է նաև, որ զոհվածների ու վիրավորների մեծ մասը տղամարդիկ են: Այսինքն, ակնհայտ է, որ այդ պայթյունի հետևանքով բազմաթիվ ընտանիքներ կորցրել են կերակրողներին, եթե արտահայտվենք պաշտոնական, իրավաբանական եզրույթներով:
Ուստի հարց է ծագում. իսկ մի՞թե պայթյունից զոհվածների ընտանիքներին, վիրավորվածներին չպետք է հատուկ մոտեցմամբ դրամական փոխհատուցում տրվեր: Բայց նման մոտեցումների մասին որևէ բան լսվե՞լ է, ասվե՞լ է: Կան տեղեկություններ մունիցիպալ մարմինների կողմից հնարավոր օժանդակության մասին: Բայց կառավարությունից ձայն անգամ չի լսվում: Ի դեպ, «Ապրելու երկիր» կուսակցության փոխնախագահ Մեսրոպ Առաքել յանն օրերս ֆեյսբուքյան գրառմամբ նման հարց էր բարձրացրել՝ նշելով, որ նման դեպքերի համար պետք է կառավարությունը որոշակի փոխհատուցում սահմաներ:
Նա միանգամայն արդարացիորեն նկատել էր նաև, որ եթե նույնիսկ կառավարությունը համարում է, որ, օրինակ՝ բենզինի պահեստի պայթյունն ուղղակիորեն կապ չունի ռազմական գործողությունների հետ, ապա, միևնույնն է, դա հարցը չի հանում օրակարգից: Նախկինում համանման դեպքերի պարագայում միշտ աջակցություն ցուցաբերվել է: Օրինակ՝ «Սուրմալու» առևտրի կենտրոնի պայթյունից զոհվածների ընտանիքներին աջակցություն տրամադրելու վերաբերյալ կայացվել է որոշում: Ուստի, ինչպես կարծում է Առաքելյանը, և ինչին, կարծում ենք, համամիտ կլինի ցանկացած ողջամիտ մարդ, անհրաժեշտ է նման որոշում կայացնել նաև նշված դեպքի հետ կապված»։
Մանրամասները թերթի այսօրվա համարում