Փաշինյանի երկրորդ սորտի քույրեր-եղբայրները
Լավ գտավ Փաշինյանը, թե Արցախից բռնագաղթածներին ինչպես դիմի։ Ոչ Արցախի Քաղաքացիներ, ոչ Հայաստանի քաղաքացիներ, ոչ հայրենակիցներ։ «Լեռնային Ղարաբաղից բռնագաղթված քույրեր ու եղբայրներ»; Ու ոչ միայն 23.11 կառ. նիստին։
Էլի առիթներ են եղել խոսել մեր հայրենակիցների մասին, էլի Փաշինյանը նույնն է ասել՝ քույրերն ու եղբայրները։
Ի դեպ, երբ առաջին անգամ ասաց, Հայաստանում գործող աղանդավորները ծանոթ բառերը լսեցին, առան իրենց գրքույկներն ու վազեցին փրկելու Փաշինյանի քույրիկ-եղբայրներին։ Գտան, որ պարարտ հումք կա իրենց խոսքը ցանելու՝ հայրենազուրկ, տնազուրկ, որդիներ-հայրեր կորցրած, Հայաստանում մի կարգին տուն չգտած, մի կարգին սուգ չհասցրած արած, օրվա հացի հետևից վազող... ։ Այն էլ հանդիպեցին դիմադրության, հետ գնացին։ Չգիտեմ՝ բոլո՞րն արդյոք։
23-ին Փաշինյանը որոշեց գովել եղբայր-քույրերին՝ թե բա Հայաստանից դուրս չեն գալիս, աշխատանքով զբաղվածների թիվը աճել է։
Ասել կուզի՝ ամեն ինչ լավ է, ամեն ինչ ճիշտ է, էլի։ Ու արանքում սահեցնում է՝ «եթե մեր քույրիկ-եղբայրները օբյեկտիվորեն չկարողանան կամ չցանկանան վերադառնալ... »։ Որն է օբյեկտիվորենը։ Ի՞նչ արգելք կա։ Եթե արգելք կա, ի՞նչ խաղաղության թղթերի վեցերորդ օրինակներ եք համաձայնեցրել ադրբեջանցիների հետ։
Այս գովեստից հետո կարճմիտները (գոհ եղեք, որ կարճմիտ եմ գրում ձեր մասին) սկսեցին ցնցել սոցցանցերը, սկսեցին դժգոհել քույր-եղբայրներից։ Թե բա՝ բան չունեն, բայց կեղտոտ ու քանդված տներում չուզելով են ապրում։ Թե բա՝ իշխանությունները 100 հզր տվեցին, բայց, ա՞յ, ասում են դժվար է այդ գումարով համ վարձ տալ, համ սնվել, համ առաջին անհրաժեշտության իրեր ձեռք բերել։ Զարմանալի է նրանց համար, որ Արցախից բռնագաղթվածները ոչինչ չունենալով չորս պատից գոհ չեն, իրավունքներ են ուզում։
Իսկ թե ինչ են կորցրել՝ չեն հիշում։ Աշխատում են անկեղծորեն չհիշել։ Ինչու՞ հիշել՝ ղարաբաղցիները Փաշինյանի ընդամենը երկրորդ սորտի քույրեր ու եղբայրներն են։
Անահիտ Ոսկանյան
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան