Նոր ասելիքով և ուղերձներով «Ինկած բերդի իշխանուհին»՝ Գյումրու դրամատիկական թատրոնի բեմում
Գյումրու Վարդան Աճեմյանի անվան պետական դրամատիկական թատրոնում մեծ պրեմիերա է սպասվում. դեկտեմբերի 9, 10, 16 կներկայացվի Լևոն Շանթի «Ինկած բերդի իշխանուհին» դրաման։
Panorama.am-ի հետ զրույցում թատրոնի գեղարվեստական ղեկավար, տնօրեն, բեմադրիչ Լյուդվիգ Հարությունյանը նախ ասաց, թե ինչու են որպես հեղինակ ընտրել հենց Լևոն Շանթին։
«Թատրոնում շատ են կարևորում հայ դասական հեղինակներին։ Ճիշտ է՝ թատրոնում պետք է լինեն ժամանակակից դրամատուրգներ, բայց հիմքը պետք է հանդիսանա դասականը։ Իսկ եթե դասական և հայ հեղինակ, միանշանակ՝ Շանթ։ Յուրաքանչյուր թատրոնի համար մեծ պատիվ է իր խաղացանկում ունենալ Լևոն Շանթ՝ կարողանում ես հանդիսատեսին ծանոթացնել Շանթի հետ, նրա լեզվամտածողությանը, նրա դրամատուրգիայում արծարծված գաղափարներին»,- ասաց Լ.Հարությունյանը։
Իսկ ընտրվել է Շանթի հենց «Ինկած բերդի իշխանուհին» դրաման, որովհետև, ըստ բեմադրիչի, շատ զուգահեռներ կան այսօրվա հետ։
«Բայց ինձ որպես ռեժիսոր չի ոգևորել վրեժը, որքան ավելի կարևոր շեշտադրումներ կան, որոնք շատ արդիական են ու շատ համեմատականներ եմ տանում այսօրվա հետ։ Ինձ համար շատ կարևոր է առաջին հերթին նպատակն ու ցանկությունը։ Ինձ համար հերոսուհին՝ Աննան, սիմվոլիկ է։ Կարծում եմ՝ մենք Հայաստանում Աննաներ շատ ունենք։ Աննան գալիս է մեր հանդիսատեսին, մեզ ևս մեկ անգամ սթափեցնելու, ուժ տալու, ոգևորելու, որ մեկ անձն էլ կարող է շատ բան փոխել մեր կյանքում։ Մեր ազգի խնդիրը գուցե այն է, որ միասնական չենք։ Մենք ինքներս մեզ մեղադրում ենք, որ միասնական ազգ չենք։ Բայց Աննան միայնակ կարողացավ հասնել այն ամեն ինչին, ինչ ուզում էր։
Յուրաքանչյուր ժամանակներում եղել է դավաճանություն, նենգություն, բայց խնդիրն այն է, թե ինչպես է կարողանում մարդն այդ ամեն ինչը հաղթահարել։ Կրկնեմ, ինձ համար ավելի շատ ոչ թե վրեժն է ուղղորդիչը, այլ ցանկությունը և ուժը, ուզում եմ Աննան ուժ փոխանցի բոլորին, մեր հայ ժողովրդին, հատկապես որդեկորույս մայրերին։ Սա շատ կարևոր է»։
Շանթի «Ինկած բերդի իշխանուհին» դրամայում ռեժիսորը որոշակի փոփոխություններ է կատարել, ժամանակակից շեշտադրումներ արել. «Բնականաբար, պահվել է Շանթի միտքը, գաղափարը, բայց մեկնությունը փոքր ինչ ավելի ժամանակակից է, այսօրեական, նաև մատուցման ձևերը։ Մենք ընտրել ենք սիմվոլիկ ձևավորում։ Փորձել եմ ինչքան հնարավոր է հավատարիմ մնալով Շանթին՝ այլ մեկնություն տալ Շանթի սիմվոլիզմին»։
Լ. Հարությունյանն իր բեմադրությունների մեջ առանձնացնում է հենց «Ինկած բերդի իշխանուհին» դրաման, քանի որ, որպես անհատ քաղաքացի, իր հույզերը, մտքերը փորձել է այս բեմադրության միջոցով ներկայացնել։
«Հաճախ հարցնում են արվեստագետերն՝ ի՞նչ կարծիք ունեն այսօր երկրում տիրող իրավիճակի, իրադարձությունների մասին, ի՞նչ են մտածում։ Ես իմ ասելիքը, ինձ հուզող հարցերը, իմ լուծումներն առաջարկում եմ իմ ներկայացումներում, ինչպես եղել է «Հարսանիք թիկունքում», «Մաուգլի» ներկայացումներում։ Չպետք է գան այս ներկայացումը դիտեն ու արտասվեն։ Մենք չենք փորձում սգալ, ողբալ, հակառակը՝ ոգեկոչում ենք, ոգեշնչում ենք ու էլ ավելի ենք փորձում ուժ տալ։ Եվս մեկ անգամ համոզվել եմ ի շնորհիվ Աննայի, որ հայ կինը հզոր է, ուժեղ է և շատ բան կարող է անել»,- ասաց բեմադրիչը։
Նա համոզված է, երբ մարդիկ դիտեն ներկայացումը, կհասկանան, որ որպես բեմադրիչ իր համար ուղղորդիչ չի հանդիսացել կորուստները, այլ կորուստներից հետո վերագտնելը, անելիքը, մարդիկ ինչպես են կարողանում ցավից հետո ուժ հավաքել, պայքարել էլ ավելի լավը, ճիշտը լինելու համար, վաղվա ավելի պայծառ օրը ճիշտ կերտելու համար։
«Ամենակարևոր մեսիջն է. եթե մարդը ցանկություն ունի իր կյանքում ինչ որ բան անել, մենակ էլ կարող է անել, եթե վստահ է, ուզում է դա անել։ Եթե ուզում ենք ունենալ հզոր երկիր, մեզ ոչ ոք չի կարող խանգարել։ Մենք պետք է հասկանանք՝ ինչ ենք ուզում։ Ամենակարևորն այն է, որ մարդը հասկանա՝ ինչ է ուզում, ինչպես Աննան գիտեր, թե որն է իր անելիքը։ Մարդիկ կարող են շատ անելիքներ ունենալ, բայց պետք է հասկանալ, թե որն է այս պահին ամենակարևորը։ Դահլիճում նստած հանդիսատեսն էլ պետք է հասկանա, թե որն է իր համար ամենակարևոր անելիքը ու բոլորը լծվեն այդ անելիքը ի կատար ածելու գործին, ոչ թե ամեն մեկը փորձի իր անելիքն անի։ Խնդիրներ ենք բարձրացնում նաև Աննայի, Քեսունու միջոցով, թե որոնք են մեր սխալները, որտեղ ենք մենք սխալվել, հասկանանք և ուղղենք այդ սխալները»,- մանրամասնեց Լ.Հարությունանը։
Նրա խոսքով, սգալու կամ ողբալու ներկայացում չէ, այլ ուժի ներկայացում է։
Ներկայացման մեջ ընդգրկված են Գյումրու պետական դրամատիկական թատրոնի դերասանները, նաև Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի ուսանողները։ Ներկայացման մեջ գլխավոր դերերում հանդես են գալիս՝ Ջեմմա Ադամյան (Իշխանուհի Աննա), ՀՀ վաստավոր արտիստ Տիգրան Գաբոյան, Արկադի Ղարագուլյան (Քեսունի իշխան), Արսեն Սաղաթելյան (Շահին), Արսեն Միքայելյան, Ժոռա Գրիգորյան (Ատոմ), Սարգիս Ղարիբյան, Սարգիս Հարությունյան (Սեպուհ): Զգեստների նկարիչն է Լուսինե Խաչատրյանը։
«Ի շնորհիվ իմ իշխանուհու՝ Ջեմմա Ադամյանի, հանդիսատեսը չի տեսնի սգացող, այլ պայքարող, ուժ տվող մոր»,- նշեց բեմադրիչը։
Լ.Հարությունյանն ասաց, որ առանձնացնում է նաև ներկայացման երաժշտական ձևավորումը. «Շատ ներկայացումներ ունեմ, որոնց համար հատուկ երաժշտություն է գրվել։ Այս անգամ երաժշտություն չի գրվել, բայց համագործակցել եմ հայկական երաժշտական խմբերի հետ, հիմնականում «Հող» խմբի, նաև «Կաթիլ» խմբի երաժշտությունից էլ ենք օգտվել»։
Գյումրու դրամատիկական թատրոնը վերջին 2-3 տարիների ընթացքում սկզբունքորեն դադարեցրել է կամ հնարավոինս քիչ է ելույթ ունենում Երևանում։
«Նպատակն այն է, որպեսզի Երևանից, տարբեր մարզերից գան Գյումրի, քանի որ Գյումրին մշակութային շատ ներկայանալի օջախներ ունի։ Մայրաքաղաքում խաղալը պատիվ է, բայց ուզում ենք, որ գան ու ներկայացումը նայեն հենց Գյումրիում», - ասաց Գյումրու Վարդան Աճեմյանի անվան պետական դրամատիկական թատրոնի տնօրենը։
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան