Հացադուլ հայտարարած 7 ցմահ դատապարտյալներից երկուսի վիճակը վատթարացել է.ՔԿՀ
«Սևան» ՔԿՀ-ում հացադուլ հայտարարած 7 ցմահ դատապարտյալներից երկուսի վիճակը վատթարացել է, առողջական խնդիրներով պայմանավորված՝ հացադուլը դադարեցվել է։ ՀՀ արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայության հանրային կապերի բաժնի պետ Նոնա Նավիկյանը «Փաստինֆո»-ի հետ զրույցում հայտնեց, որ առավել ցածր անվտանգային գոտի տեղափոխվելու կապակցությամբ նոյեմբերի 27-ից ՀՀ ԱՆ «Սևան» քրեակատարողական հիմնարկում հացադուլ հայտարարած 7 ցմահ դատապարտյալներից մեկը նոյեմբերի 29-ին ներկայացրել է գանգատներ առողջության վերաբերյալ։
«Հիմնարկի կողմից կանչված շտապօգնության բուժանձնակազմը խորհուրդ է տվել դեղորայքային բուժում, որը ստանալու համար դատապարտյալը պետք է դադարեցնի հացադուլը։ Վերջինս, սակայն, հրաժարվել է բուժումից՝ շարունակելով հացադուլը։ Այսօր՝ նոյեմբերի 30-ին, նույն դատապարտյալի, ինչպես նաև հացադուլ հայտարարած դատապարտյալներից ևս մեկի համար կրկին կանչվել է շտապօգնություն՝ առողջական խնդիրներից ելնելով»,- մանրամասնեց Նավիկյանը՝ հայտնելով, որ Քրեակատարողական հիմնարկի ծառայողների, բուժաշխատողների և շտապօգնության բուժանձնակազմի հորդորով վերջիններս դադարեցրել են հացադուլը և այժմ գտնվում են հիմնարկի բուժանձնակազմի հսկողության ներքո։
Նոյեմբերի 27-ին, ՀՀ ԱՆ «Սևան» ՔԿՀ-ում պատիժ կրող 7 դատապարտյալ հայտարարել է անժամկետ հացադուլ՝ հաջակցություն մեկ այլ ցմահ դատապարտյալի, որի տեղափոխումը քրեակատարողական հիմնարկի միջին անվտանգային գոտու մեղմ պայմաններից ցածր անվտանգային գոտու խիստ պայմաններ մերժվել է ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայության կենտրոնական մարմնում գործող տեղաբաշխման հանձնաժողովի կողմից։ Հանձնաժողովի որոշումը դատապարտյալի կողմից բողոքարկվել է դատական կարգով, սակայն վերջինիս բողոքները մերժվել են ընդհանուր իրավասության և վերաքննիչ դատարանների կողմից, իսկ Վճռաբեկ դատարանն այն վարույթ չի ընդունել։ Դատապարտյալներն իրենց բողոքում պնդում են, որ ՀՀ նոր քրեակատարողական օրենսգրքի որոշ դրույթներ չեն գործում կամ գործում են թերի, մասնավորապես՝ դատապարտյալներին առավել ցածր անվտանգային գոտիներ տեղափոխելու հետ առնչություն ունեցող դրույթներն ու իրավական ակտերը»,-ասվում է լուրում։
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին