Հայաստանում արտադրվող կարտոֆիլի 30 տոկոսը թափվում է. Գյուղատնտես
Մինչ վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը կոչ է անում տնտեսվարողներին գտնել այլ շուկաներ, գյուղատնտես Հարություն Մնացականյանը հիշեցնում է՝ լոգիստիկ կենտրոններ չունենք։
«Դրա համար դու պետք է ունենաս լոգիստիկ կենտրոն, որն ուղիղ ձևով պետք է աշխատի գյուղացիների հետ, նրանցից մթերի պտուղ-բանջարեղենը, սորտավորի, տարայավորի, փաթեթավորի, համապատասխան սառնարանային ջերմաստիճան ապահովի, որ այդ պտուղ-բանջարեղենը սթրես չտանի, կարողանա երկար ճանապարհ գնալ»,-մանրամասնեց գյուղատնտեսը, որը «Իմնեմնիմի» փոդքասթի հյուրն էր։
Լոգիստիկ ենթակառուցվածքների բացակայությունը, ըստ նրա բերում է նաև պտուղ-բանջարեղենի կորստի, դա էլ իր հերթին նպաստում է գնաճին՝ հարվածելով սպառողների գրպանին։
«Ես մենակ կարտոֆիլի արժեշղթան ասեմ, թե որտեղից ուր է հասնում, այդ ընթացքում ինչքան է գինն ավելանում։ Գալիս է կարտոֆիլ արտադրող մարտունեցու մոտ մի այլ մարտունեցի, կարտոֆիլը գնում է օրինակ 90 դրամով, այնտեղից տանում է Մեյմանդարի շուկա, այստեղ վաճառում է 120 դրամով։ Այստեղից ցանցերին մեկ կգ կարտոֆիլը վաճառում են 160 դրամով։ Կարտոֆիլ արտադրող մարտունեցին, որ վաճառել է դալալին, պարկերի մեջտեղը լցրել էր վատ որակի կարտոֆիլ։ Երբ հասնում է ցանցեր, կարտոֆիլի 20 տոկոսը թափում են։ 160 դրամին գումարում են 20-25 տոկոս թափոն, 20-25 տոկոս ԱԱՀ, գումարած եկամուտ, գինը հասնում է մինչև 300 դրամի։ Հստակ տվյալ կա, Հայաստանում արտադրվող կարտոֆիլի 30 տոկոսը թափվում է, խոտանվում է, սոխի՝ 20 տոկոսը, գազարի՝ 30 տոկոսը։ Այս ամենը լոգիստիկ կենտրոն չունենալու հետևանք է»,-ասաց Մնացականյանը։
Նրա խոսքով, զարգացած պետություններով ոչ ապրանքային տեսք ունեցող, վնասված կարտոֆիլը վերամշակում են, ստանում են օրինակ, օսլա, սակայն Հայաստանում ցանց հասած վատորակ կարտոֆիլը թափվում է, քանի որ ցանցը չունի վերամշակման հնարավորություն։
«Եթե լիներ լոգիստիկ կենտրոն, այդ հսկա քանակը կանցներ երկրորդային, երրորդային վերամշակում, կարտոֆիլից օսլա կստանային, մյուս պտուղ-բանջարեղենից չիր, սպիրտ կստանային, բացի այդ մենք փոքր ի շատե կմոտենայինք դրսի շուկաների որակին ու քանակին»,-ասաց գյուղատնտեսը։
Հարակից հրապարակումներ`
- Գ. Գրիգորյանը բացատրում է, թե ինչպես բացվեցին Ռոսսելխոզնադզորի աչքերը
- ՍԱՏՄ-ն՝ Ռոսսելխոզնադզորին. Խիստ մտահոգիչ է հայկական ապրանքների խախտումների այսպիսի շեշտակի ավելացումը
- Կարեն Քոչարյան. Ասում են՝ «умом Россию не понять», բարդ է կանխատեսել Ռուսաստանի հաջորդ քայլերը
- «Ռոսսելխոզնադզորը» պաշտոնական նամակ է ուղարկել Հայաստանին
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան