ՄԻԱՎ-ի տարածվածությամբ առաջինը Շիրակի մարզն է
ՀՀ-ում ՄԻԱՎ-ի դեմ պայքարը սկսվել է 1988 թվականից և մինչ օրս գրանցվել է ՄԻԱՎ վարակի 5535 դեպք, իսկ այժմ Հայաստանում ապրում է ՄԻԱՎ վարակով 4356 մարդ։ ՁԻԱՀ-ի դեմ պայքարի համաշխարհային օրվա առիթով հրավիրված ասուլիսում ասաց ՀՀ ԱՆ «Ինֆեկցիոն հիվանդությունների ազգային կենտրոն»-ի տնօրեն Ստեփան Աթոյանը։
Նա հայտնեց, որ ներկա պահին, ըստ հաշվարկային թվերի, ՄԻԱՎ-ի կարգավիճակի մասին գիտեն ՀՀ քաղաքացիների ընդամենը 74 տոկոսը։
«Անհրաժեշտ է մեր ջանքերը մեկտեղել, որպեսզի այս թիվը բարձրանա։ Մեր նպատակն է, որ առնվազն ՄԻԱՎ-ի կարգավիճակ ունեցող մարդկանց 95 տոկոսն իմանան իրենց կարգավիճակի մասին»,- ասաց Ս.Աթոյանը։
Նա նշեց, որ 2023-ի հունվարի 1-ից մինչև հոկտեմբերի 31-ը գրանցվել է ՄԻԱՎ-ի 421 դեպք ՀՀ քաղաքացիների շրջանում, 61 դեպք օտարերկրյա քաղաքացիների շրջանում։
Ներկայացված տվյալների համաձայն, ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի ամենամեծ ցուցանիշները գրանցվել են Շիրակի մարզում, հաջորդում է Լոռու և Գեղարքունիքի մարզերը: ՄԻԱՎ-ի սեռատարիքային բաշխվածությունը 70-30 հարաբերակցությամբ է, այսինքն՝ վարկվածների 70 տոկոսը տղամարդիկ են, 30 տոկոսը՝ կանայք։ Առավել մեծ խումբը` 25-39 տարեկան։
«Հայաստանը ցածր տարածվածության գոտում է գտնվում»,- ասաց Ս.Աթոյանը։
Նա հիշեցրեց, որ վարակը փոխանցվում է սեռական ճանապարհով, ներերակային ճանապարհով և մորից պտղին։
«Արտագնա աշխատողները ՄԻԱՎ-ի ավելի բարձր տարածվածություն ունեցող երկրներում ավելի բարձր ռիսկի են ենթարկվում, նաև ներերակային թմրամիջոցներ օգտագործող անձինք, ինչպես նաև կոմերցիոն սեռական ծառայություն մատուցող անձինք»,-ասաց նա։
Ս.Աթոյանը հայտնեց, որ ՄԻԱՎ-ի բուժման ամբողջ փուլերն անվճար են։
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին