Ծեծի էր ենթարկել կնոջը, այնուհետև կրակոցներ արձակել աներոջ մեքենայի ուղղությամբ
Նոյեմբերի 29-ի ժամը 03.31-ին ՆԳՆ ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն զանգած քաղաքացին հայտնել էր, որ դստեր ամուսինը, լինելով ոչ սթափ վիճակում, ծեծի է ենթարկել դստերը, իսկ երբ ինքը դստեր ու թոռների հետ իր մեքենայով հեռացել է նրա տնից, փեսան որսորդական հրացանից կրակել է մեքենայի ուղղությամբ: Քաղաքացին նաև հայտնել է, որ փեսան սպառնացել է գալ իր տուն և կրակել իրենց:
Ոստիկանության Մալաթիայի բաժնից մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ ժամը 02.30-ին Շահումյան 4-րդ փողոցի տներից մեկում 25-ամյա կինը կենցաղային հարցերի շուրջ վիճաբանել է 36-ամյա ամուսնու հետ, նա էլ, լինելով ոչ սթափ վիճակում, 2 և 4 տարեկան երեխաների ներկայությամբ ծեծի է ենթարկել կնոջը: Իսկ երբ աղջկա հայրը դստեր ու թոռների հետ իր «Նիսան» մակնիշի մեքենայով փորձել է հեռանալ, 36-ամյա տղամարդը, շատերի կյանքի համար վտանգավոր եղանակով, կրակոցներ է արձակել մեքենայի ուղղությամբ՝ վնասելով դուռը:
Նախաձեռնվել է քրեական վարույթ:
Ոստիկանության հաղորդմամբ, Շահումյան 4-րդ փողոցի նշված տանը կատարված խուզարկությամբ հայտնաբերվել են 12 մմ տրամաչափի որսորդական ողորկափող հրացան, ինքնաձիգի նմանվող ողորկափող հրազեն և տարբեր տրամաչափի 94 փամփուշտ:
Նոյեմբերի 30-ի գիշերը, ժամը 2.20-ին, 36-ամյա տղամարդը ինքնակամ ներկայացել է ոստիկանության Մալաթիայի բաժին: Նա ձերբակալվել և ներկայացվել է վարույթն իրականացնող մարմին:
Նախաքննությունը շարունակվում է:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան