Աճպարարը՝ Արգենտինայից. Մինչ Էսեգելն ուրախացնում էր վարորդներին, գողացել են նրա պայուսակը
Մի քանի օր է՝ Աբովյան-Սայաթ-Նովա փողոցների խաչմերուկի լուսացույցի կարմիրի տակ սպասող վարորդներին աճպարարությամբ զբաղեցնում ու փորձում է ժպիտ պարգևել փոքրամարմին այս տղան։
Էսեգել Կիրակոսյանն Արգենտինայից ճամփորդելով հասել է Հայաստան։ Ցանկանում է որոշ ժամանակ մնալ հայրենիքում, շրջել մարզերում, սովորել հայերեն, երեխաներին ու ցանակցողներին սովորեցնել աճպարարություն։ Վանեցի Կիրակոսյան ընտանիքն Արգենտինայում հաստատվել է շատ տարիներ առաջ՝ Օսմանյան Թուրքիայի կողմից իրականացրած հայոց ցեղասպանությունից հետո։
«Ես ուզում եմ ուրախություն փոխանցեմ մարդկանց, ես տեսա, որ այստեղ մարդիկ դրա կարիքն ունեն»,-Panorama.am-ի հետ զրույցում ասում է Էսեգելը։
Նա մտադիր է կրկեսային ներկայացումներ ունենալ մարզերում՝ հատկապես երեխաների համար։ Մինչ կյանքի կկոչի իր նպատակները, Էսեգելը հայտնվել է ծանր վիճակում։ Երկու օր առաջ խաչմերուկից գողացել են նրա պայուսակը, որի մեջ եղել է անձնագիրը, դրամապանակը, հեռախոսը։
Նա դիմացի սրճարանից խնդրել է տեսախցիկի ֆիքսած կադրերը, ներկայացրել ոստիկանություն, սակայն դեռ լուր չունի։ Օրվա հացի գումարի հարցը հեշտ է հոգում, աճպարարության արդյունքում վարորդները երբեմն վարձատրում են։
«Պատրաստ եմ նաև մանկական միջոցառումների ընթացքում նման ներկայացումներով հանդես գալ»,-ասում է նա։
Իսկ անձնագրի, հեռախոսի ու դրա մեջ եղած կոնտակտների հարցը դեռ մնում է չլուծված։
Ոստիկանությունից Panorama.am-ին հայտնեցին, որ քաղաքացին դիմել է ոստիկանություն նոյեմբերի 29-ին կենտրոնականի բաժին։ Ըստ հաղորդման, պայուսակում եղել են անձնագիրը, բջջային հեռախոսներ, նույնականացման քարտ և այլն։ Կազմված փաստաթղթերն ուղարկվել են քննչական բաժին։