ՔՊ-ն որոշել է զավթել Հայաստանի տեղական ինքնակառավարման մարմինները. Դանիելյան
«ՔՊ-ն որոշել է զավթել Հայաստանի տեղական ինքնակառավարման մարմինները։ Հերթը հասավ «Ապրելու երկիր» կուսակցությունից Ալավերդու համայնքապետ ընտրված Արկադի Թամազյանին»,- գրել է ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանը։
Նա նշել է, որ երեկ Ալավերդու համայնքապետարան է ներկայացվել վերջինիս անվստահություն հայտնելու վերաբերյալ ավագանու «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության որոշումը:
«Հիշեցնեմ, որ ամիսներ առաջ նույն վարքագիծը դրսևորվեց ՀՅԴ անդամ, այն ժամանակ Ախուրյանի համայնքապետ Արծրուն Իգիթյանի նկատմամբ։ Ստացվում է, որ այն համայնքապետերը, որոնք իշխող ուժի ներկայացուցիչ չեն, հայտնվում են ՔՊ-ի թիրախում։
Մինչդեռ, քաղաքացիները կատարել են իրենց ընտրությունը, և նմանատիպ քաղաքական ուղղորդում ունեցող ապօրինի գործընթացները որևէ իրավական հիմք չունեն։ Ի՞նչ է սա, եթե ոչ տեղական ինքնակառավարման մարմինները զավթելու փորձ։
Ինչքան Հայաստանի Հանրապետության անվտանգային միջավայրը, սոցիալ-տնտեսական դրությունը վատթարանում է, այնքան իշխող կուսակցությունը ուժգնացնում է քաղաքական ճնշումները։
Սա հակաժողովրդական և զազրելի գործելաոճ է։ ժամանակակից բռնապետական ռեժիմները հենց այսպիսին են լինում»,- գրել է Գ.Դանիելյանը։
Հարակից հրապարակումներ`
- «Հրապարակ». Ալավերդին զավթելու իշխանության օպերացիաները վճռորոշ փուլ են մտել
- Ալավերդու ՔՊ-ականները համայնքի ղեկավարին անվստահություն հայտնելու որոշում են ներկայացրել